Խոզագրիպի հերթական դե՞պք, թե՞ միայն սուր թոքաբորբ. մասնագետները կասկածներ ունեն
Արդեն 6-րդ օրն է, ինչ Էրեբունի բժշկական կենտրոնի բժիշկները պայքարում են հնդիկ ուսանողի կյանքը փրկելու համար:
Հերացու անվան բժշկական համալսարանի ուսանող Վիկտոր Փոլ Բենջամինի ինքնազգացողությունն անսպասելիորեն կտրուկ վատացել է, հետազոտել են, ախտորոշվել է սուր թոքաբորբ:
Պոլ Բենջամինը վերակենդանացման բաժանմունքում է հունիսի 8-ից: Մինչ այդ 30 ամյա ուսանողը՝ իբրև օրդինատոր, Էրեբունի բժկական կենտրոնի վնասվածքաբանության և օրթոպեդիայի կլինիկայի գիտական ղեկավար բաժանմունքի Արմեն Չարչյանի գլխավորությամբ մասնակցել է բարդ վիրահատության: 6 ժամ տևած վիրահատությունից հետո, երբ Բենջամինը դուրս է եկել վիրահատարանից, կատարած աշխատանքի համար արժանացել է պրոֆեսոր Չարչյանի բարձր գնահատականին: Կոլեգաների խոսքով՝ Արմեն Գերասիմիչը, ով որպես կանոն շատ գծուծ է իր գանահատականների մեջ, այդ օրն այնքան է ոգևորվել հնդիկ արդինատորի դրսևորած մասնագիտական նրբանկատությունից, կատարած աշխատանքից, որ կոլեգաների ներկայությամբ գովեստի խոսքեր է հնչեցրել:
Փոքրիկ բայց խոստումնալից նվաճումի հաջորդ օրն իսկ Բենջամինը հանկարծակի իրեն վատ է զգացել, հետազոտությունից հետո նրան անմիջապես տեղափոխել են Էրեբունու ինտենսիվ թերապիայի բաժանմունք: 6 օր շարունակ երիտասարդի վիճակն` ըստ մասնագետների շարունակում է մնալ կայուն ծանր:
Ապագա բժշկի ծնողները որդու վիճակի մասին տեղեկանում են հեռախոսով և ժամ առ ժամ: Մայրը դիմել է դեսպանատուն, այստեղից էլ, ասում են, շտապել են աջակցել նրան, որպեսզի հնարավորինս շուտ հասնի օտարության մեջ հիվանդացած որդուն:
Բենջամինի բուժսպասարկումը, ինչպես ցանկացած օտարերկրացու պարագայում, ամբողջությամբ պետք է իրականացվի վճարովի հիմունքներով:
Իսկ ո՞վ է հոգում նրա բուժսպասարկման հետ կապված ողջ ծախսերը հարցին բժշկական հալասարանում պատասխանեցին՝ Էրեբունի բժշկական կենտրոնը:
«Նման իրավիճակում մենք պատրաստ ենք բոլոր իմաստներով կանգնել մեր ուսանողի կողքին, և պատրաստակամ ենք համալսարանի միջոցներով հոգալ նրա կյանքի և առողջության համար անհրաժեշտ ծախսերը, եթե դրա կարիքը կա: Բայց այս պահի դրությամբ Էրեբունի բժկական կենտրոնը մեզ նման առաջարկ չի արել»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Գագիկ Միրիջանյանը:
Մեր տարակուսանքին, որ Բժշկական համասարանի ուսանողը գտնվում է ոչ թե համալսարանական թիվ 1 կլինիկայում, այլ Էրեբունու բկ-ում, Միրիջանյանն այսպես արձագանքեց. «Եթե մեր ուսանողը բնակվեր ուսանողական հանրակացարանում, ապա միանշանակ է, որ նրա բուժսպասարկումը կիրականացվեր մեր կլինիկայում, բայց քանի որ նա այնտեղ չի բնակվում, իր մոտ հայտնաբերված խնդիրների մասին մեզ տեղեկացրել են Էրեբունի բժշկական կենտրոնից: Համասարանի ռեկտորը, ով ի դեպ համարվում է հանրապետության լավագույն թոքաբանը, այս օրերին հասցրել է 2 անգամ տեսակցել Բենջամինին, մինչև իսկ օգտակար լինել նրան մասնագիտական նկատառումներով: Մեր ուսանողը գտնվում է մեր անմիջական ուշադրության տակ, հեռախոսակապի միջոցով անընդհատ հետաքրքրվում ենք նրա վիճակի մասին»:
Ի դեպ, Բենջամինին հեռանկարային ուսանող են համարում նաև սեփական բուհում, նրան ճանաչում են գրեթե բոլորը, ասում են՝ հազվագյուտ է պատահում, երբ արդինատուրայի երկրորդ կուրսում ուսանողն այդքան հմտորեն է տիրապետում մասնագիտությանը:
Նշենք, որ դեռևս չճշտված տեղեկություների համաձայն՝ Բենջամինի մոտ կասկածվում է նաև H1 N1 տեսակի վարակի առկայություն և թերս այդ պատճառով է, որ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ անորոշ:
Էրեբունի բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի պատասխանատու բժշկից փորձեցինք պարզել՝ ժխտվել է արդյոք H1 N1 տեսակի վարակը (խոզագրիպ), և ճիշտ է արդյոք այն տեղեկությունը , որ հիվանդի մոտ սուր թոքաբորբը զուգակցվում է էկզոգեն թունավորման հետ, պատասխանեց.
«Կասկած կա, իհարկե, էկզոգեն թունավորման, ինչը դեռևս չի հաստատվել: Համենայն դեպս հիմնական ախտորոշումն այս պահի դրությամբ մեկն է՝ հիվանդի մոտ առկա է սուր թոքաբորբ»:
Ինչ վերաաբերում է այսպես ասած խոզագրիպի վարկածին, մասնագետը ոչ հուսադրող պատասխան տվեց՝ համենայն դեպս մենք դրական պատասխան չունենք, վերցված է վիրուսալոգիան, լաբորտորիայից պատասխան դեռևս չկա:
Ինչ դինամիկա է նկատվել այս օրերին և ինչ ելք կարելի է կանխատեսել հարցին, բժիշկը կրկին խուսափեց որոշակի բան ասել.
«Բենջամինը վերակենդանացման բաժանմունքում է արդեն 6 օր, այս պահի դրությամբ վիճակը գնահատվում է ծանր կայուն: Այս ընթացքում փոփոխություններ չեն նկատվել, դրական առումով արտահայտված դինակմիկա համենայն դեպս չկա:
Վերակենդանացման բաժանմունքում հիվանդն ստանում է համապատասխան դեղորայքային բուժում, մնացածը արդեն ժամանակը ցույց կտա»:
Հետաքրքրվեցինք նաև, թե ինչ միջոցներով է իրականացվում Բենջամինի բուժսպասարկումը Էրեբունի բկ-ում, վերակենդանացման բաժանմունքից մեզ պատասխանեցին հետևյալը.
«Քանի որ հիվանդը հանդիսանում է մեր բազայի կլինիկական արդինատոր, ուստի այս փուլում հոսպիտալը բոլոր անհրաժեշտ ծախսերը և խնամքի բոլոր անհրաժեշտ պարագաները հոգում է ինքնուրույն»:
Հեղինակ ՝ Սյուզի Բադոյան