Հ.Սահակյան. Բրայզայի հեղինակությունն արդեն քիչ բան կարող է փրկել
«Փորձելով հարթել իր` տարբեր ժամանակ տարբեր վայրերում հնչեցրած իրարամերժ հայտարարությունները, Մեթյու Բրայզան այնպիսի անհեթեթ մտքեր է հնչեցնում, որ դժվար է հասկանալ` արդյո՞ք դրանք թելադրված են թուրքական նացիոնալիստական լոբբիի, թե նրա խառնիճաղանջ աշխարհայացքի կողմից: Սակայն, որ նրա աշխարհայացքը աններդաշնակ ու խառն է, դրանում մենք արդեն բազմիցս առիթ ունեցել ենք համոզվելու»,- Panorama.am-ին ասաց ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Այսպես, նրա խոսքով Բրայզան պնդում է, թե հիմնարար սկզբունքները ներառում են Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրային բոլոր կապերի վերականգնումը, մինչդեռ այդ սկզբունքներում և ոչ մի անգամ Թուրքիա տեղանունը ընդհանրապես չի հիշատակվում: Բրայզան, ըստ Հ.Սահակյանի, իր այս մեկնաբանություններում ի ցույց է դնում իր՝ հումանիստական արժեքներից հեռու գտնվելու փաստը՝ նշելով, թե Սաֆարովի հանցագործությունը տխրեցրեց հայերին.
«Կարելի է կարծել, որ միջազգային առաջադեմ հասարակության մաս կազմող այլ ազգերին նման սարսափելի արարքները չեն տխրեցնում: Իսկ թե ո՞ւմ դրանք իրոք չեն տխրեցնում, այլ նաև հպարտություն են ներշնչում, կարելի է դատել՝ հետևելով, թե ովքեր են պետական մակարդակով մարդասպանին պատվում, ինչպես նաև այդ պատվելն արդարացնում»,- նշեց ՀՀԿ-ական պատգամավորն ու հավելեց` հետևաբար, Բրայզայի պնդումներն այն մասին, որ Ադրբեջանի նախագահն ավելի հեռուն է գնացել, քան դրան պատրաստ է Ադրբեջանի հասարակությունը, առնվազն հակասում են նրա կողմից իսկ ընդունված այն փաստին, որ Ադրբեջանի հասարակությունը թշնամաբար է տրամադրված հայերի հանդեպ, քանի որ մարդասպանին հերոսացումը միայն նրա պատճառով, որ նրա զոհը հայ է, կատարվեց հենց նախագահի կողմից՝ նրան ազատ արձակելու և մայորի կոչում ու բնակարան շնորհելու միջոցով:
«Մինչդեռ Մեթյու Բրայզան ոչ նպաստավոր է համարում առանց նախապայմանների հայ- թուրքական հարաբերությունները կարգավորելու Երևանի մոտեցումը, որպես զուգահեռ տրամագծորեն բերելով հակառակ օրինակ՝ «եթե ադրբեջանցիները հայտարարեն, թե այլևս չեն պատրաստվում բանակցել, քանի դեռ չեն վերադարձվել բոլոր 7 շրջանները», «վերադարձրեք տարածքները և մենք կշարունակենք բանակցել» կամ` «վերադարձրեք տարածքները և մենք կհամաձայնենք հայ-թուրքական սահմանի վերաբացմանը»: Թերևս սա է հենց այն անորոշ չկապակցվածությունը, որի ջատագովն է հանդիսանում Բրայզան, քանի որ տվյալ երկու օրինակները ոչ մի կերպ տրամաբանորեն միմյանց հետ չեն կապակցվում»,- ընդգծեց նա:
Ավարտելով իր խոսքը, Հ.Սահակյանը խորհուրդ տվեց Բրայզային այսուհետ ընդհանրապես չմեկնաբանել իր իսկ խճճված արտահայտությունները՝ ավելի մեծ խառնաշփոթից խուսափելու համար. «Թեև նրա հեղինակությունն արդեն քիչ բան կարող է փրկել»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նախորդիվ`
Հ.Սահակյան. Բրայզան ևս մեկ անգամ փայլուն ցուցադրեց, որ ինքը տեսակետներ է հնչեցնում ադրբեջանական շահերից ելնելով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները