ՀՀ վարչապետ. Եթե չփոխենք խաղի կանոնները, կապրենք ինչպես երեկ
Երևանում մեկնարկեց «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» առաջին միջազգային համաժողովը:
Ինչպես ողջույնի խոսում նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, Հայաստանի առջև կանգնած են կարևորագույն և սկզբունքային մարտահրավերներ, որոնց լուծումները պետք է գտնվեն, և այս միջոցառումը լուծում գտնելու լավագույն միջոցն է որպես քաղաքացիական հասարակության հետ երկխոսություն ծավալելու ուղի:
«Եթե մենք չփոխենք մեր խաղի կանոնները, մենք կապրենք ինչպես երեկ», - ասաց Տ.Սարգսյանը: Նրա խոսքով՝ չի կարող քաղաքացիական հասարակություն ձևավորվել, եթե կառավարությունը չաշխատի բաց և թափանցիկ: Բացի այդ, նրա խոսքով՝ եթե չլինի նաև հասարակության մոտ վստահություն կառավարության բաց լինելու մեջ, հնարավոր չի լինի նաև առաջընթաց:
«Շատ անգամ նկատում եմ, որ իշխանական լծակներ ունեցող մարդիկ դժգոհում են հասարակությունից, բայց դա հասարակության պարտադրանքի ինստիտուտ է: Բայց իշխանական լծակները և ֆինանասական միջոցների տիրապետումը ևս արդարացի է, և հասարակությունը պետք է ևս վերահսկի, որ դրանք չեն օգտագործվում ի շահ անձի», - հավելեց Տ.Սարգսյանը, շեշտելով, որ քաղաքացիական հասարակությանը այլընտևանք չկա:
Նրա խոսքով՝ թափանցիկության ապահովումը քաղաքացիական հասարակության ֆունդամենտալ գործառույթներից մեկն է: «Սա վստահության ապահովման գլխավոր ֆունդամենտն է: Հասարակությունը պետք է վստահ լինի, որ որոշումները տրամաբանական են, որ իր կարծիքի հետ հաշվի են նստում: Եվ մենք պարտավոր ենք այդ կարծիքը հաշվի առնել», - նշեց ՀՀ վարչապետը:
Նա նաև նշեց, որ իշխանությունները պարտավոր են ապահովել պրոֆեսիոնալիզմը և պատասխանատվությունը, որը, նրա խոսքով՝ մեզ մոտ հաճախ պակասում են:
«Այստեղ մենք ևս ունենք պրոբլեմներ, քանի որ տեսնում ենք, որ պատրաստ չենք աշխատել այդ գործիքների հետ, և հաճախ տեսնում ենք, որ բացակայում է պրոֆեսիոնալիզմը: Իսկ հասարակությունն ընկալում է սենսացիոն լուրերը, լրատվամիջողները չեն զտում այդ ինֆորմացիան, և տեղեկատվությունը հեղեղված է դառնում նեգատիվությամբ, որը տալիս է դժգոհություն և հիասթափություն, ինչը կասեցնում է ռեֆորմների բնականոն ընթացքը», - պարզաբանեց նա:
Տ.Սարգսյանը նշեց, որ ՀՀ կատավարությունը աշխարհի այն հինգ երկրներից է, որոնց բյուջեն առավելագույն թափանցիկ է: Նրա խոսքով՝ այս հինգ տարում միայն մեկ անգամն էր, որ լրատվամիջոցները վերստուգել են այն: «Հաճախ կարելի է տեսնել, որ խոսվում է միջոցների փոշիացման մասին, սակայն բացակայում է դրա ապացուցողական մասը: Բայց դա ևս պրոֆիսիոնալիզմի հարց է: Ցավով եմ նշում նման պրոֆեսիոնալ, պատասխանատու դրսևորումների բացակայությունը», - ասաց նա, նշելով, որ իշխանությունները ևս դրա մեջ ունեն իրենց պատասխանատվության մասնաբաժինը, և պետք է թույլ չտան ապատեղեկության տարածումը: Եզրափակելով, նա կրկին կարևորեց կառավարության թափանցիկությունը և քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ հյամագործակցությունը:
Համաժողովին ներկա Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, ով իր հերթին նշեց, որ բաց կառավարումը, տնտեսությունը և տարբեր խմբերի միջև երկխոսությունը կավահովի զարգացումը և կայունությունը: Նշելով, որ Հայաստանը ստանցնել է պատասխանատվություն Բաց կառավարման գործընկերություն նախաձեռնության մեջ, նա նաև հույս հայտնեց, որ մեր երկիրը կկարողանա կրկին բարձրացնել իր ցուցանիշները և համապատասխանել «Հազարամյակների մարտահրավեր»-ի ծրագրերին, ինչպես նախկինում էր: Նա նաև վստահեցրեց, որ ԱՄՆ պատրաստ են աջակցել ՀՀ կառավարությանը՝ Բաց կառավարման գործընկերության շրջանակներում՝ կառավարման թափանցիկության ապահովման հարցում:
Նշենք, որ Բաց կառավարման գործընկերությունը ստեղծվել է 2011 թվականին 8 երկրների նախաձեռնությամբ՝ Բրազիլիա, Ինդոնեզիա, Մեքսիկա, Նորվեգիա, Ֆիլիպիններ, Հարավային Աֆրիկայի Հանրապետություն, Մեծ Բրիտանիա և ԱՄՆ: Այսօր այդ նախաձեռնությանը միացել են ավելի քան 60 երկրներ, իսկ Հայաստանը անդամակցում է 2011 թվականի նոյեմբերից:
Համաժողովին, որը կազմակերպել են ՀՀ կառավարությունը, Ինֆորմացիայի ազատության կենտրոնը՝ ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ, մասնակցում են ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության և ԶԼՄ ներկայացուցիչներ, փորձագետներ ԱՄՆ-ից, Բուլղարիայից, Էստոնիայից և Վրաստանից:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան