«The Guardian»-ի ծաղրանկարում Էրդողանը ջրցան մեքենա է
Թուրքական «Ռադիքալ» օրաթերթը հրապարակել է անգլիական «The Guardian» պարբերականի ծաղրանկարիչ Սթիվ Բելլի կողմից նկարված Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ծաղրանկարը, որտեղ վերջինս ներկայացված է ջրցան մեքենայի տեսքով:
Ծաղրանկարիչը այս նկարի միջոցով քննադատում է Գեզի զբոսայգու խռովությունների ժամանակ ցուցարարների նկատմամբ ոստիկանության կողմից ուժի կիրառումը: Ծաղրանկարի հետևի պլանում արցունքաբեր գազի ամպի մեջ երևում են մահակավոր ոստիկանները: Նկարում Էրդողանի գլխի վրա մահիկ է պատկերված, իսկ քիթը փղի կնճիթի է նմանեցված, որից առատ ջուր է հորդում:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսվել են զանգվածային բողոքի ցույցեր, որոնց պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել`օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 5 զոհ: