Վրացական գինին կրկին ռուսաստանյան շուկայում է. Հայ գինեգործներն անհանգստացած են
2006 թվականից ի վեր երեկ առաջին անգամ վրացական գինու խմբաքանակն է առաքվել ռուսական շուկա: Փաստն անհանգստացրել է հայ գինեգործներին:
Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը Panorama.am-ին հայտնեց, որ իրական վտանգները երևան կգան վեց ամիս, մեկ տարի անց: Նա կարծում է, որ վրացական գինու` Ռուսաստան արտահանման հետևանքով Հայաստանից Ռուսաստան գինու արտահանման ծավալներն այլևս նախկին տեմպերով չեն աճի: Վերջին տարիների ընթացքում, ըստ Հարությունյանի ներկայացրած տվյալների, Հայաստանից Ռուսաստան արտահանված գինու ծավալը կրկնապատկվել է` կես միլիոն լիտրից դառնալով մեկ միլիոն լիտր:
«Այստեղ մի քանի գործոններ կան, մենք նախատեսել էինք գնային որոշակի միջակայքում լինել ռուսական շուկայում: Հիմա վրացիները մտնում են հենց նույն միջակայք, նրանք 2005-ին դուրս էին եկել էժան միջակայքից, հիմա մտնում են թանկ միջակայք: Դա պայմանավորված է վրացական գինու որակի բարելավմամբ»,-ասաց Հարությունյանը:
Հաջորդ գործոնը, որ կարող է բացասաբար անդրադառնալ հայկական գինու վրա, արտահանման ծավալների աճի նվազումն է:
«Մենք նախատեսել էինք առաջիկա 5 տարիներին ռուսական շուկայում նվազագույնը 3 անգամ ավելացնել մեր ներկայությունը: Հիմա դա ավելի դժվար կլինի: Այն ընկերությունները, որոնք աշխատում էին մեզ հետ, հիմա կվերադառնան իրենց նախկին գործընկերների մոտ: Մեծ հաշվով մենք նրանց մրցակից չենք, նրանք մի քանի տասնյակ անգամ ավելի գինի են արտահանել ու կարտահանեն Ռուսաստան»,-ասաց նա:
Ի՞նչը խանգարեց այս տարիների ընթացքում հայ գինեգործներին գրավել ռուսական շուկան ու ռուս սպառողին:
«Մեր հիմնական արտադրողները կոնյակ արտադրողներ են: Խաղողի 95 տոկոսն օգտագործվում է կոնյակի արտադրության համար: Գինին չի դիտվել որպես արտահանման պրոդուկտ: Մաքուր գինի արտադրողներն այնքան փոքր թիվ են կազմում, որ ոչինչ անել չեն կարող»,-ասաց միության նախագահը:
Ռուսաստանում հայկական գինու մրցունակության ապահովման համար, միության նախագահի խոսքով, պետք է վերանայել կառավարության արդեն մշակած ծրագիրը` հաշվի առնելով առկա իրավիճակը: Առկա օրենքներն ու ծրագրերը, նրա գնահատմամբ, էֆեկտիվ չեն:
«Հայկական գինու համար պետք է պետական միջամտություն: Եվ Ռուսաստանի գովազդի մասին օրենքը, և ռուսական շուկայի առանձնահատկություններն ու մասշտաբները թույլ չեն տալիս, որ արտադրողները կարողանան մրցակցել: Դա շատ թանկ բան է, պետությունը պետք է կանգնի կողքներին, որպեսզի իմիջային, գովազդային, ներկայացուցչական ակցիաներ արվեն»,-ասաց մասնագետը:
Վրացական գինու արտահանումը ռուսական շուկա արգելվել էր 2006թ.-ի գարնանը՝ ռուս-վրացական հարաբերությունների սրման ֆոնին։ Որպես արգելքի պաշտոնական պատճառ նշվել էր վրացական արտադրանքի ցածր որակը։
Երեկ ռուսական լրատվամիցները տեղեկացրել են, որ հունիսի 14-ին Ռուսաստան է առաքվել վրացական գինու առաջին խմբաքանակը: «Դուգլաձե գինու ընկերությունն» առաջինն է, որի արտադրանքը շուտով կհասնի ռուսական շուկաներ: Ընկերությունը մեկ շաբաթվա ընթացքում պատրաստվում է Ռուսաստան առաքել 150.000 շիշ գինի: Սա 2006 թվականից Ռուսաստանի կողմից վրացական գինու ներմուծման վրա դրված արգելքից հետո առաջին առաքումն է Ռուսաստան: