Ադրբեջանն իր վարկանիշը բարձրացնելու կեղծ փորձեր է անում
Անդրադառնալով հողային զիջումների փոխարեն Հայաստանին գազ վաճառելու Ադրբեջանի հայտարարությանը` «Голос Армении»-ն նշում է, որ Ադրբեջանն ինքն էլ հասկանում է իր առաջարկի ողջ աննորմալությունը. «Միայն հոգեկան հիվանդը կարող էր ենթադրել, որ Հայաստանը կհրաժարվի իր ռազմական գործընկերոջ գազից և այն կգնի իր վաղեմի թշնամուց, առավել ևս, կհամաձայնի գազի դիմաց հողեր զիջել»: Ըստ թերթի` Ադրբեջանի իշխանությունները պարզապես փորձ են անում ընտրություններին ընդառաջ միջազգային հանրության աչքերում հումանիստ երևալ:
Միևնույն ժամանակ «ГА»-ն նկատում է, որ Հայաստանը բավականին երկար ժամանակ ռուսական գազը գնում էր շուկայականից ցածր գներով, ինչը հարմար առիթ էր արդյունաբերության բնագավառում որոշակի տնտեսական առաջընթաց ունենալու համար, սակայն ՀՀ կառավարությունը օգտվեց այդ հնարավորությունից, և հիմա Հանրային ծառայությունների կարգավորման հանձնաժողովը փորձում է մեղադրանքի սլաքներն ուղղել բացառապես Մոսկվային` չնայած այն մասին, որ Հայաստանը ստիպված է լինելու եվրոպական շուկայում ռուսական գազի գներին համապատասխան գնել գազը, հայտնի էր դեռ 2011թ-ից: Ըստ թերթի` ՀԾԿՀ-ն հնարավորություն ուներ զսպել էլեկտրաէներգիայի գների բարձրացումը, ինչը նույնպես չի արվել, արդյունքում` գազի և էլեկտրաէներգիայի գների բարձրացումը հանգեցրել է սոցիալական ճգնաժամի, որից օգտվելով Ադրբեջանը փորձել է մեր հաշվին բարձրացնել իր վարկանիշը: