Պռոշյան vs Կովալենկո Շահգալդյան. Պռոշյանում առճակատումը շարունակվում է
Հուլիսի 14-ին կայանալիք Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետի արտահերթ ընտրություններում թեկնածուների առաջադրումը կսկսվի հունիսի 19-ին, կավարտվի` հունիսի 23-ին: Մինչև ընտրությունները, սակայն գյուղում որոշ լարվածություն կա. Գյուղացիները չեն ընդունում Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի քայլերը և որքան ուժ ունեն, դիմադրում են դրանց:
Գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար մարզպետի նշանակած թեկնածուն` Արմինե Մելիքյանը արդեն երկար ժամանակ չի կարողանում մտնել գյուղապետարան: Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Պռոշյանի ավագանու անդամ Մովսես Հակոբյանն ասաց, որ երեկ, հունիսի 14-ին սպասել են որ ժամանակավոր պաշտոնակատարը կգար գյուղապետարան, սակայն չի եկել: «Երևի իմացել է, որ չենք թողնելու», հավելեց պրն Հակոբյանը: Գյուղապետարանում, նրա խոսքով, երեկ իմացել են, որ ժամանակավոր պաշտոնակատարը դիմել է ոստիկանություն` ապահովելու անարգել մուտքը գյուղապետարան:
«Մեր դիրքորոշումը հետևյալն է` ինքը պետք է չմտնի գյուղապետարան, հենց միայն այն բանի համար, որ բողոք արտահայտող ժողովրդին նա անվանում է թուրք», -հավելեց մեր զրուցակիցը: Նա տեղեկացրեց, որ Արմինե Մելիքյանը գյուղի դպրոցի կառավարման խորհրդի անդամներից է ու բազմիցս խոչընդոտում է դպրոցի տնօրենի ընտրություններին` չներկայանալով ընտրություններին: «Մեր գյուղը ավանդույթներով հարուստ գյուղ է, հիմա երբ ասում են Պռոշյան, մարդկանց թվում է, թե վատն են մարդիկ այստեղ: Բայց այդպես չի` մեր գյուղը շատ նորմալ գյուղ է` իր նիստուկացով, ամեն ինչով», -նկատեց մեր զրուցակիցը:
Գյուղապետի առաջիկա ընտրություններում ընտրվելու մտադրության մասին պաշտոնապես հայտարարել է Վովա Սահակյանը, որին, Հակոբյանի խոսքով, պաշտպանում է ամբողջ գյուղը: «Նա բոլորիս թեկնածուն է», -նկատեց գյուղի ավագանու անդամը:
Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանությունից անցել է երկու ամիս, սակայն նախաքննությունն առաջընթաց չի արձանագրել. կալանավորվել է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, որը գյուղացիների խոսքով, գյուղապետի հետ լավ հարաբեությունների մեջ է եղել:
Այժմ գյուղացիները պնդում են, որ ոստիկանությունը սխալ մարդու է կալանավորել: Օրերս ԱԺ Դաշնակցական պատգամավորներ Արմեն Ռուստամյանի և Աղվան Վարդանյանի հետ հանդիպման ժամանակ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը հայտարարել է, թե 5000 ԱՄՆ դոլար կտան այն մարդուն, ով կարող է լույս սփռել գյուղապետի սպանության նախաքննության վրա: «Հիմա նստած է էն անձնավորությունը, որը բացարձակ կապ չունի այդ վրիժառության հետ: Դրանք վրիժառուներ են, որը մեր հայրենիքի համար պատերազմում ծառայություն մատուցած մարդուն սպանեցին. Թուրքի գնդակը չկպավ, հայի գնդակով սպանվեց: Շատ ծանր ենք տանում, շատ, մեր գյուղը շատ էր սիրում նրան. 8 լումա ստանալով էլ ծաղկեցնում էր գյուղը», -պատմեց Մովսես Հակոբյանը:
Գյուղի ավագանու անդամը վստահ է` ամեն ինչ լավ է լինելու և գյուղը ծաղկելու է` «անկախ նրանից մարզպետը կուզի, թե չուզի»:
«Մենք դեմ ենք գնում մարզպետի նշանակած կադրին: Ամեն ինչ անելու ենք, որ մարզպետի նշանակած կադրը գյուղում չաշխատի:
Ինչի՞: Կային շատ մարդիկ, որոնց ինքը կարող էր հանգիստ նշանակեր, ոչ մի առճակատում էլ չէր լինի: Այսինքն միտումնավոր նշանակել է մի մարդու, որ առճակատում գնար: Եթե տվյալ անձնավորությունը բոյկոտում է դպրոցի տնօրենի ընտրությունները որը տնօրեն պիտի ունենար, խելքի գար, էլ էդ մարդու հետ ինչ հույսեր կապես», -ասաց Մովսես Հակոբյանը:
Մեր զրուցակցի խոսքով, մարզպետը հաշվի չի առնում բնակչության խնդիրներն ու մտահոգությունները և որոշումները կայացնում է, ինչպես իրեն է հաճո: