Բաց նամակ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանին
Մեր ընթերցողներից մեկը` Գրիգորի Դոխոյանը, որոշել է բաց նամակով դիմել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանին` բարձրացնելով հարցեր, որոնք ըստ նրա, հատուկ կարևորություն են ներկայացնում հայկական ֆուտբոլի զարգացման համար: Մենք որոշեցինք հրապարակել այն` ակնկալելով լուրջ քննարկումներ` հանուն, այլ ոչ թե ընդդեմ սկզբունքով` ելնելով ֆուտբոլի հետագա առաջընթացի հրամայականից:
Հարգելի պ-ն Հայրապետյան, ընթերցելով Ձեր վերջին հարցազրույցները, ստացա այն տպավորությունը, թե հարցազրույց է տալիս Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը:
Դուք ասում եք, որ չեք միջամտում հիմնական կազմի ընտրությանը, բայց այն հարցին, թե ինչու չի խաղում Խաչատուրովը, պատասխանում եք, որ լավ մարզավիճակում չէ, և որ իր խաղալու ժամանակը դեռ կգա: Արդարացիորեն մատնանշում եք, որ Էդգար Մանուչարյանի ոտքին գնդակը կպավ ընդամենը մեկ անգամ:
Բայց, պ-ն Հայրապետյան, դուք նշանակել եք գլխավոր մարզիչ, խնդիր եք դրել իր առջև: Եվ ոչ միայն մեր ֆուտբոլի զարգացման առումով, այլ նաև էթիկայի տեսանկյունից դուք իրավունք ունեք քննադատել միայն ու միայն գլխավոր մարզչին, քանզի գլխավոր մարզիչն է պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է խաղադաշտում: Հակառակ պարագայում կարող եք ինքներդ մարզել հավաքականը. վերցնում եք երկու օգնական մարզիչներ, մեկը` ֆիզ. պատրաստության գծով, մյուսը` տակտիկական մոտեցումները մշակելու գծով և վերջ. ինչո՞ւ եք փչացնում Մինասյանին` որպես մարզիչ. ափսոս է:
Իսկ հիմա ամենակարևորը` բազմաթիվ խնդիրներ կան, որոնցով պետք է զբաղվի ֆուտբոլի ֆեդերացիան:
Օրինակ` Հայաստան-Չեխիա խաղում պարտության հիմքը դրեցիք հենց Դուք, պ-ն Հայրապետյան, հայտարարելով, որ խաղը կանցնի «Հանրապետական» մարզադաշտում, քանզի «Հրազդան» մարզադաշտում տրիբունաները կիսադատարկ են երևում, իսկ այդ նույն քանակի մարդկանց պարագայում «Հանրապետականը» լեփ-լեցուն է, և դա կարևոր է թիմի համար:
Այո, լեփ-լեցուն մարզադաշտը շատ կարևոր է, էլ ավելի կարևոր է թե որքան մարդ է աջակցում մեր թիմին՝ 15000, թե 50000: Իսկ ինչո՞ւ չեք կարողանում լցնել «Հրազդան» մարզադաշտը: Այո, հենց այս խնդիրը պիտի լուծի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Կարծում եմ, Ձեր այսօրվա մոտեցումներով և գործելաոճով այդ խնդիրը երբեք չի լուծվի: Դուք հույսը դրել եք միայն ֆուտբոլի մոլի երկրպագուների վրա և ֆուտբոլը համեմատում եք Թաթայի համերգի հետ ու զարմանում՝ համերգին թանկ տոմսերով գնում են, իսկ ֆուտբոլին` ոչ: Այդպես հեռու չենք գնա:
Ֆուտբոլն ու համերգը բացարձակապես տարբեր երևույթներ են: Որպեսզի ֆեդերացիան լցնի «Հրազդան» մարզադաշտը պետք է համապատասխան քայլեր ձեռնարկի: Դուք մեր թիմից պահանջում եք հաղթել Իտալիային, որ մոռանանք Մալթայից կրած պարտությունը: Բայց որպեսզի տղաները հաղթեն Իտալիային, դուք էլ պետք է կարողանաք «Հրազդան» մարզադաշտը առաջիկա խաղերին լցնել հանդիսականներով:
Ես բախտ եմ ունեցել հետևել ԽՍՀՄ ֆուտբոլի առաջնությանը, և չնայած մենք անգիր գիտեինք, թե երբ և ում հետ է մրցելու Արարատը, բայց Հայաստանի բոլոր քաղաքների բազմաթիվ շենքերին փակցված էին աֆիշաներ, և տոմսերը կարող էիր գնել ցանկացած կրպակից: Իսկ այսօր նույնիսկ Երևանում հազիվ կարող ես հանդիպել աֆիշաների, տոմսերը կարող ես գնել սահմանափակ կետերից, իսկ գների մասին էլ չեմ խոսում:
Պ-ն Հայրապետյան, պետք է ամեն գնով լցնել մարզադաշտը, աշխատել դպրոցների հետ, երեխաներին տոմսերը տրամադրել ԱՆՎՃԱՐ (երեխան եթե երկու անգամ գա մարզադաշտ, ընդմիշտ կկապվի ֆուտբոլի հետ), պետք է նպաստել երկրպագուների ձևավորմանը, այլ ոչ թե անել այնպես, որ նույնիսկ կայացած երկրպագուն որոշ խաղերին չկարողանա տոմս գնել, էլ չեմ ասում, որ գնում է տոմսը և չի կարողանում մտնել խաղադաշտ:
Ես մատնանշեցի ընդամենը մեկ խնդիր, բայց խնդիրները շատ են. և ինձ համար կարևոր չէ, թե ինչ ճանապարհով կլուծվեն դրանք. Դուք հրաժարակա՞ն կտաք, և կգան նոր մարդիկ` նոր մտածելակերպով, թե՞ Դուք ինքներդ կփոխեք Ձեր գործելաոճը. կարևորը, որ զարգանա մեր ֆուտբոլը:
Հարգանքներով`
Գրիգորի Դոխոյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում