Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական է տալիս
«Ես չեմ էլ մտածում Պռոշյանի գյուղապետի ընտրությունում թեկնածու առաջադրվելու մասին, թող իմ վրա այդ լարվածությունը մեղմվեր, մարեր, բայց մարդիկ որոշեցին սենսացիա ու խարդախություն անել: Ու ես որոշեցի հրաժարվել միայն այդ ամենին մասնակից չլինելու համար»,- այդ մասին «Առավոտ» թերթին տված հարցազրույցում ասել է Պռոշյան համայնքում գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Արմենուհի Մելիքյանը: Ըստ աղբյուրի, նա նաև հաստատ է որոշել հրաժարվել Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:
Այնուհետև թերթը ներկայացրել է տիկին Մելքոնյանի հայտարարությունը. «Հաշվի առնելով գյուղում գռեհիկ վարքագիծ դրսևորող խմբի անկառավարելի, հակաօրինական, անհանդուրժող գործողությունները, վախը իմ անձի նկատմամբ` ֆիզիկական հաշվեհարդարի, իմ արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունների հետագա ծավալումից խուսափելու համար, ես խնդրել եմ Կոտայքի մարզպետ Շահգալդյանին դադարեցնել իմ կողմից Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանականավոր պաշտոնակատարի լիազորությունները: Միևնույն ժամանակ դատապարտում եմ մարզպետարանի, ոստիկանության անգործությունը, ովքեր չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները, ինչպես նաև չկարողացան իրացնել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները: Իմ լավագույն ցանկությունները գյուղում թուլացնելու ստեղծված լարվածությունը, որոշ ուժերի կողմից բերեցին մի նոր`արդեն արհեստական լարվածության մարդկանց կողմից, ովքեր ունեն զենք կիրառելու մեծ մշակույթ:
Դատապարտում եմ, որ ոչ մի պատկան մարմին չկարողացավ համայնքային ծառայողներին կարգի հրավիրել, կոռեկտության կոչ անել և ստիպել, որ կատարեն իրենց ծառայողական պարտականությունները: Ես դեռևս շարունակելու եմ ապրել Պռոշյանում և թող ամաչեն իմ աչքերին նայել այն մարդիկ, ովքեր դեռևս չեն կարողանում տիրապետել հասարակ հոդաբաշխ խոսքով հարաբերվելու մշակույթին: Յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր պատկերը, դիմացինի մասին մտածում է իր բարոյականության չափանիշներով: Ես արհամարհում եմ իմ հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները, կոչ եմ անում իմ համագյուղացիներին ցուցաբերել զսպվածություն, բարձր կամք, չտրվել սադրանքներին: Կոչ եմ անում պատկան մարմիններին կանխել հետագա սանձարձակությունների դրսևորումները, կանխել անչափահասների ներգրավումը որոշ լկտի մարդկանց կեղտոտ քաղաքական շահարկումներին: Դիմում եմ Հրաչ Մուրադյանի հարազատներին` մի տրվեք բանսարկությունների, որոշ մարդիկ ինքնագովազդի նպատակով խաղում են ձեր ազնիվ ու նվիրական զգացմունքների հետ: Որպես համագյուղացի և իրար ճանաչող մարդիկ, ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը և ձեզ հետ հավասար շահագրգիռ եմ ստոր հանցագործների բացահայտմանը»:
Պռոշյանում գյուղապետի արտահերթ ընտրությունները կայանալու են հուլիսի 14-ին: Ընտրություններում առաջադրվելու մասին առայժմ պաշտոնապես հայտարարել է Վովա Սահակյանը:
Թեմային առնչվող. Պռոշյան vs Կովալենկո Շահգալդյան. Պռոշյանում առճակատումը շարունակվում է