Զորավարժանքներ. Որքան իրական տեղանք է հարկավոր դրա համար
Ռուսական զինվորներին կմարզեն քաղաքների մակետներում: Այս վերնագրից հետո չէինք կարող չհիշել, որ ռուսական սահմանապահ զորքերը գյուղական տեղանքում ոչ մակետային «արդյունավետ» ու անարգել մարզումներ են անց կացնում Հայաստանի Հանրապետությունում:
Արագածոտնի մարզի Սադունց գյուղում ռուսական սահմանապահ զորքերի զինավարժությունների հետևանքով ամբողջությամբ վնասվել է գյուղի բնակիչներից մեկի` 7 հա մակերեսով խոտհարքը:
«Հողի մեջ մի երեսուն հատ տանկեր են, մի 300 հատ էլ սալդատ, բահերով քանդում են, խրամատներ են փորում: Նույնը կրկնվել էր մի քանի օր առաջ: Մայրիկս երեխեքի հետ գնացել տեսել էր, լացելով սկսել էր տանկերի ուղղությամբ քարեր շպրտել, տանկը քշել էին մորս ուղղությամբ, երեխաներն ահավոր վախեցած էին»,-Panorama.am-ին պատմեց 38-ամյա Ալիխան Բրոյանը:
Ալիխան Բրոյանի 7 հոգանոց ընտանիքն ապրում է տնակում, երեք անչափահաս երեխա ունի, հայրը հաշմանդամ է: Նա կաթ է առաքում, օրական չորս հազար դրամ վաստակում, ընտանիքի օրվա հացի խնդիրը հոգում: Հույս ուներ, խոտը կհնձեր, կվաճառեր, մի կարիք կհոգար:
Բրոյանը քանի օր առաջ փորձել է հանդիպել հրամանատարին, չեն թողել: Այսօր Սադունցի բնակիչը աջակցություն ակնկալիք ունի, թե ով կարող է օգնել, առայժմ հստակ չի պատկերացնում:
«Մենք կնքում ենք փաստաթուղթ, որ տեղյակ ենք տվյալ վայրում իրականացվելու է զինավարժություն, որպեսզի մարդ, անասուն չլինի, վնաս չլինի: Էս անգամ էլ կնքել ենք: Իրենք այդ տարածք մտնելու իրավունք չունեն, իրենց հատուկ հող է հատկացված»,-ասաց գյուղապետը:
Զորավարժարանի պետ Մաքս Շարդարուսկին Panorama.am-ի հետ զրույցում ասաց, որ գյուղացուն փոխհատուցելու մասին հարցերին կարող են պատասխանել միայն Գյումրիում: Իսկ մինչ այդ նա մեղադրեց գյուղապետին ու գյուղացիներին, որոնք ապօրինի կերպով զորավարժարանի տարածքում են հայտնվում, խանգարում են վարժությունների ընթացքը, չեն ցանկանում կատարել իրենց պարտականությունները:
Ի դեպ, Բրոյանը գյուղում միակ տուժածը չէ:
Այս հրապարակումը կրկնում ենք կարևորության համար: Ավելի մանրամասն հրապարակել էինք` այստեղ: