Ա. Գևորգյան. Բացահայտվել են չարաշահումներ ու խախտումներ. խնդիրների էական նվազեցում է նկատվում
«Պետական պատժիչ մեքենան պետք է լավ աշխատի, որպեսզի չարաշահումների քանակը հասցվի նվազագույնի: Վերջին տարիներին մենք կարողացել ենք գալ նրան, որ նվազագույն գինը չլինի որոշիչ` տենդերներ շահելու գործում», - այսօր Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստում շարունակվող ՎՊ 2012 թվականի հաշվետվության քննարկման ժամանակ, պատասխանելով ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանի հարցին, թե ինչո՞ւ են շինարարական տենդերները շահում այն կազմակերպությունները, որոնք նվազագույն գին են առաջարկում և ի՞նչ մեխանիզմ կարելի է ստեղծել, որ տարբեր օղակներում չկարողանան գողանալ, ասաց տարածքային կառավարման նախարար, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:
«Կարծում եմ, յուրաքանչյուր կառավարություն պետք է ձգտի նվազագույն ժամանակներում լուծել բացահայտված խնդիրները: Մենք պետք է ձգտենք մեր ծախսերում նվազագույնի հասցնել չարաշահումները: Դրանք ամբողջությամբ բացառելու ձևը աշխարհը դեռ չի գտել»,- հավելեց փոխվարչապետը:
Նա նաև նշեց, որ այն ոլորտներում, որտեղ 2011-2012 թվականներին բացահայտվել են չարաշահումներ ու խախտումներ, արդեն էական փոփոխություններ ու խնդիրների էական նվազեցում է նկատվում:
ԱԺ պատգամավոր Կարինե Աճեմյանի հարցին, թե` կա՞ ն արդյոք կոնկրետ պատասխանատվության ենթարկված անձինք` կապված չարաշահումների ու խախտումների հետ, Ա. Գևորգյանն ասաց, որ իրենք գործեր ուղարկել են դատախազություն, իսկ Վայոց Ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը ձերբակալվել է:
Նրա խոսքերով` ընթացող գործերի մասին ավելի մանրամասն ճիշտ կլինի հայտնեն իրավապահ մարմինները: