ՎՊ հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան. Քաղաքաշինության նախարար
2012 թվականին Վերահսկիչ պալատը քաղաքաշինության նախարարությունում ստուգումներ չի իրականացրել: Վերահսկիչ պալատի արձանագրած խախտումներն ու բացթողումները վերաբերվում են պետական միջոցներով նախարարությունների և գերատեսչությունների պատվիրատվությամբ իրականցրած շինարարական աշխատանքներին` ընդհանրապես: Այդ մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ հայտարարեց քաղաքաշինության նախարար Սամվել Թադևոսյանը:
Միևնույն ժամանակ, ըստ Թադևոսյանի, արձանագրված փաստերը իրենց չեն ազատում պատասխանատվությունից, ավելին, նախարարության տեսադաշտում է պահվում արձանագրված խախտումները:
Նախարարն ասաց, որ քաղաքաշինության նախարարության կողմից արձանագրած խախտումները արտացոլվել են նաև Վերահսկիչ պալատի հաշվետվության մեջ: Նա մատնանշեց հիմնական խախտումները` նախագծանախահաշվային փաստաթղթերը լիցենզավորված կազմակերպությունների կողմից մշակվում են նորմատիվատեխնիկական պահանջների խախտումներով, խախտումներով կազմված նախագծերին տրվում է դրական եզրակացություն, շինարարության ընթացքում որոշ աշխատանքներ կատարվում են հաստատված նախագծային պահանջների խախտումներով, ինչպես նաև նախատեսված բարձրորակ ապրանքների և նյութերի փոխարեն` փաստացի օգտագործվում են ցածրորակ տեսակները, շինարարության բնագավառի նորմատիվատեխնիկական փաստաթղթերի գերակշիռ մասը մշակվել են խորհրդային տարիներին և չեն ներառում շինարարության արդի պահանջները, գործող գներով շինարարության արժեքի հաշվարկման մեխանիզմը, չնայած հետխորհրդային տարիներին մի քանի անգամ մշակվել է, բայց միևնույն է այն նույնպես չի բավարարում ներկա պահանջներին:
«Այս խախտումները բնորոշ են առհասարակ շինարարության ոլորտին, անկախ այն հանգմանքից, թե ճյուղային որ գերատեսչությունն է իրականացնում», -հայտարարեց Թադևոսյանը:
Ինչ վերաբերում է ատկատներին, Սամվել Թադևոսյանն ասաց, որ այս ամենն ընդամենը մակերեսն է: «Թեպետ, չեմ կասկածում Վերահսկիչ պալատի մասնագետների պրոֆեսիոնալ կարողություններին, սակայն պետք է փաստեմ, որ հաշվետվությունում խորքային վերլուծություններ և եզրահանգումներ չկան շինարարության ոլորտում առկա խախտումները ծնող հանգամանքների մասին», -հայտարարեց քաղաքաշինության նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում