ՎԶԵԲ փոխնախագահ` Դիլիջանի միջազգային դպրոցը համաշխարհային կարգի դպրոց է լինելու
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) փոխնախագահ և գլխավոր ֆինանսական տնօրեն Մանֆրեդ Շեփերսն ասել է, որ Դիլիջանի միջազգային դպրոցը (Dilijan International School-DIS) համաշխարհային կարգի դպրոց է լինելու:
Ինչպես տեղեկացնում են դպրոցի մամուլի ծառայությունից, Մանֆրեդ Շեփերսը վերջերս դարձել է Դիլիջանի միջազգային դպրոցի Հոգաբարձուների խորհրդի անդամ:
«Լինելով ՎԶԵԲ-ի փոխնախագահ և Միավորված աշխարհի քոլեջների (United World Colleges, UWC) ցանցի միջազգային խորհրդի անդամ` ես մշտապես աջակցել եմ Դիլիջանում առաջատար միջազգային դպրոցի ստեղծման գաղափարին, որը կոչվելու է UWC Dilijan: Նոր դպրոցի տեղակայումը Հայաստանում և Կովկասում էական երկարաժամկետ ազդեցություն կունենա ողջ տարածաշրջանի վրա», - ասել է նա:
Մանֆրեդ Շեփերսն ասել է, որ UWC գլոբալ կրթական կազմակերպության մաս կազմելու շնորհիվ Դիլիջանի դպրոցը կկարողանա ներգրավել մանկավարժների և աշակերտների լայն տարբերակված շրջանակ ողջ աշխարհից: «UWC անդամ 12 դպրոցների շրջանավարտներն ընդունվում են աշխարհի լավագույն բուհեր, և նույնը կկարողանան անել UWC Dilijan-ի շրջանավարտները», - ընդգծել է ՎԶԵԲ-ի փոխնախագահը:
«UWC Diijan-ը համաշխարհային կարգի դպրոց է լինելու՝ առաջնակարգ կամպուսով, գեղեցիկ և ապահով վայրում, մի երկրում, որն ունի հարուստ մշակութային ժառանգություն, մի տարածաշրջանում, որտեղ երեխաները կսովորեն, թե ինչպես դիմակայել ապագայի մարտահրավերներին: UWC Dilijan-ի աշակերտները, սովորելով ամբողջ աշխարհից մի տեղում հավաքված երեխաների շրջանում, իրական միջազգային և միջմշակութային փոխըմբռնում ձեռք կբերեն», - ասել է Մանֆրեդ Շեփերսը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան