Նախկին դատապարտյալներն ուզում են «հարկատու լինել»… Բացել են հրուշակեղենի արտադրամաս (Լուսանկարներ)
«Մի ժամանակ ապրել ենք հարկատուների հաշվին, հիմա էլ մենք ենք ուզում լինել հարկատու, փոխհատուցենք պետությանը հասցված վնասը, ուղղակի աջակցություն է պետք»,- կալանավայրերից վերադարձողների ու նրանց ընտանիքների աջակցության «Հուսո առագաստ» կազմակերպության տնօրեն Գևորգ Կոշկերյանն ասաց լրագրողներին՝ ներկայացնելով իրենց հրուշակեղենի արտադրության առաջին արտադրանքը:
Նա պատմեց, որ արտադրությունում աշխատում է ինը հոգի, պրոֆեսիոնալ հրուշակագործ էլ կա խմբում: «Ուղղակի պատվերի խնդիր ունենք: Հաճախ, որ իմանում են նախկին դատապարտյալներ են պատրաստել, խուսափողական վերաբերմունք են ցուցաբերում: Պետք է մեր նկատմամբ ներողամիտ գտնվեն, հիշաչար չլինեն, մենք էլ հավասար մարդիկ ենք, սիրում ենք կյանքը բոլորի նման»,- մտահոգված ասաց Գ. Կոշկերյանը:
Նախկին դատապարյալն ասաց, որ իրենք արտադրությունից ստացված հասույթը բարեգործական նպատակներով են ծախսելու.
«Կարող ենք օգնել աջակցության կարիք ունեցող ազատամարտիկին, ով այն ժամանակ, մինչդեռ մենք անազատության մեջ էինք, ռազմի դաշտում էր, կամ մի ոստիկանի, ով արդեն թոշակառու է: Բացի այդ, ուզում ենք օգնել ազատազրկվածների երեխաներին, ովքեր դժվարությամբ են ինտեգրվում հասարակության մեջ»:
Նրա խոսքով, այսօր իրենք աջակցության կարիք ունենք՝ «մի քանի պարկ ալյուր, պեսոկ, կարագ», որպեսզի կարողանան «զապասով» աշխատել, ինչպես նաև՝ «պատվիրեն արտադրանքը» (հեռ. 093-06-27-43):
Գ. Կոշկերյանն ասաց, որ էկոնոմիկայի նախարարությունն իրենց կարի մեքենաներ է տվել, սակայն կտոր գնելու գումար չունեն, որպեսզի սպիտակեղեն կարեն. «Եթե սա էլ լինի, հինգ հոգի ևս աշխատանք կունենա»:
Հրուշակեղենի արտադրամասի արտադրանքի «շնորհանդեսին» ներկա իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն ասաց, որ պետության կողմից նախկին ազատազրկվածների նկատմամբ մարդասիրական վերաբերմունք չկա, նաև հասարակության կողմից, ով կարող է պահանջել պետությունից վերաբերմունքի փոփոխություն, սակայն դա չի անում, քանի որ «իրազեկված չէ և կարծատիպերի մեջ է»:
«Նախկին ազատազրկվածները խոցելի վիճակում են, հայրենակիցների կողմից վստահության չեն արժանացել: Սա լուրջ խնդիր է»,-նշեց իրավապաշտպանը:
Նշենք, որ կազմակերպությունը ոստիկանությանը, տարբեր պետական կառույցների նույնպես հրավիրել էր իրենց արտադրանքի համտեսմանը, սակայն միայն ՄԻՊ գրսենյակից, Երևանի քաղաքապետարանից, ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատնից էին ներկայացուցիչներ եկել: Ըստ Ա. Իշխանյանի, սա էլ վկայում պետության վերաբերմունքի մասին:
Ի դեպ, նախկին դատապարտյալների պատրաստած խմորեղենն ամենաառաջինը համտեսել են Խարբերդի մանկատան սաները: