Գլխավոր դատախազությունը կաջակցի Մարո Գուլոյանի գործին
Նամակը` որով կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կոալիցիան պահանջում է 20 տարեկան Մարո Գուլոյանի կարճված գործին նորից ընթացք տալ, հանձնվել է անձամբ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին: Այս մասին Panorama.am-ին հայտնեց ռեսուրսային կենտրոնի ներկայացուցիչն այն բանից հետո, ինչ կենտրոնի իրավաբան Լուսինե Մուրադյանը դուրս եկավ դատախազությունից:
Մեր զրուցակիցը նշեց, որ փաստաբանը, հանձնելով նամակը գլխավոր դատախազին, համառոտ ներկայացրել է նաև դեպքը: Ի պատասխան դատախազը հորդորել է, որպեսզի գործի վերաբացմանը հասնեն դատական ատյաններով, իսկ դատախազությունն էլ կաջակցի: Մասնավորապես, դատախազության աջակցությունը կլինի այն, որ դեպքի հետ կապված նյութերը արխիվներից շուտ դուրս բերվեն:
«Առաջին մեծ քայլը պետք է այն լինի, որն գործը նորից բացվի: Դրանից հետո մենք նաև կպայքարենք, որպեսզի այն տեղափոխվի Երևան, որ այս անգամ գոնե ապահովվի ավելի անաչառ ընթացք»,- տեղեկացրեց մեր զրուցակից Աննան:
Հիշեցնենք, գլխավոր դատախազության դիմաց այսօր կազմակերպվել էր բողոքի ակցիա ի հիշատակ մեկ տարի առաջ Առինջում կասկածելի հանգամանքներում մահացած 20-ամյա Մարո Գուլոյանի: