Հայրիկյանի հետ կատարվածի մասին «էպոսագետն» իմացել է հեռուստալուրերից
Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի գործով ամբաստանյալ Վարդան Սեդրակյանը այսօր Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում տված իր ցուցմունքում հայտարարեց, որ կապ չունի Հայրիկյանի հետ կատարվածի հետ, իսկ դեպքի մասին իմացել է հեռուստալուրերից:
Հիշեցնենք` ավելի վաղ, նախորդ դատական նիստերից մեկում մյուս ամբաստանյալ Սամվել Հարությունյանը հայտարարել էր, որ Վարդան Սեդրակյանը այս գործի հետ կապ չունի:
Այսօր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ տեղի ունեցած դատական նիստում Վարդան Սեդրակյանն ասաց, որ իր դեմ միակ ապացույցը Սամվել Հարությունյանի նախաքննական ցուցմունքն է, որի համաձայն, «իբր, ասել եմ, որ Պ.Հայրիկյանին պետք է վախեցնել»: Այնուհետև, Սեդրակյանը հիշեցրեց Հարությունյանի դատաքննական ցուցմունքը և պատմեց, որ իր և Հարությունյանի հարաբերությունները եղել են գործատուի և արհեստավորի հարաբերություններ:
Նա մեղադրանքը պաշտպանող դատախազ Արամ Ամիրզադյանին դիմելով ասաց. «Ո՞րն է դրդապատճառը: Ի՞նչ դրդապատճառ պիտի լիներ, որ ես կատարեի դա: Ես գրքեր կարդացած մարդ եմ, առանց դրդապատճառի ինչպե՞ս է լինում: Ես Պարույր Հայրիկյանին չեմ ճանաչել, տեսել եմ հեռուստատեսությամբ: Պարույր Հայրիկյանի հետ ոչ անձնական, ոչ քաղաքական թշնամություն չունեմ: Ինչպե՞ս կարող եմ անծանոթ մարդու նկատմամբ նման բան անել: Կցանկանայի, նորից բանտ չվերադառնալ»:
Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը դատարանում հանդես եկավ միջնորդությամբ և խնդրեց փոխել իր պաշտպանյալի խափանման միջոցը: Սիրունյանի խոսքով, իր պաշտպանյալը առողջական, մասնավորապես, լյարդի հետ կապված խնդիրներ ունի: Դատարանին բժշկական տեղեկանքների ներկայացման ժամանակ պարզվեց, որ դրանցում որոշ տեխնիկական խնդիրներ կան, և Սեդրակյանը հետ վերցրեց միջնորդությունը` հաջորդ նիստին ներկայացնելու նպատակով:
Դատական նիստն այսօր հետաձգվեց մինչև հունիսի 20-ը:
Վարդան Սեդրակյանը, որն ինքն իրեն հռչակել էր որպես «էպոսագետ», որպես նախագահի թեկնածու, առաջադրվել էր 2013 թվականի նախագահի ընտրություններում: Նրան առաջադրվել է հետևյալ մեղադրանքը. 2013 թվականի փետրվարի 18-ին կայանալիք ընտրություններում առաջադրվելով որպես ՀՀ Նախագահի թեկնածու, քարոզարշավի րնթացքում, իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է «Ազգային Ինքնորոշում Միավորում» կուսակցության առաջնորդ, ՀՀ Նախագահի մեկ այլ թեկնածուի, քաղաքական գործիչ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը, նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով, որն իրականացնելու նպատակով զենք ձեռք բերելու համար հանցակիցներին է տվել 1000 ԱՄՆ դոլար, ինչը Խաչատուր Պողոսյանը և Սամվել Հարությունյանը հավասարապես կիսել են միմյանց միջև։ Սակայն ծրագրված հանցագործությունն իրականացնելու համար Խաչատուր Պողոսյանն օգտագործել է իր կողմից 1995-1996 թվականներին ապօրինի կերպով ձեռք բերված և պահված 1941թ. գործարանային արտադրության 7,62մմ տրամաչափի «HG 201» համարի «Նագան» տեսակի թմբուկավոր ատրճանակը։