Քաղաքագետ. Իրան-Ռուսաստան մերձեցումը կարագացնի ՌԴ-ՀՀ-ԻԻՀ ռազմավարական առանցքի ձևավորումը
«Արևմուտքը ուրախացած չէ, զուսպ է, ի տարբերություն Ռուսաստանի նախագահի, ով անմիջապես զանգել ու շնորհավորել է Իրանի նորընտիր նախագահին»,-ասուլիսում նման դիտարկում արեց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը` խոսելով Իրանում կայացած նախագահական ընտրությունների մասին:
Ըստ նրա, Արևմուտքը դեռ մտածում է, թեև մինչև ընտրությունները Արևմուտքը նրան համարում էր «սուպեր ընդդիմադիր» թեկնածու: Քաղաքագետի կարծիքով, այն տեսակետը, թե նրա հետ ավելի հեշը կլինի պայմանավորվել, սխալ հաշվարկներ են. «Ավելի դաժան է լինելու»:
Հիշեցնենք, որ Իրանում 11-րդ նախագահական ընտրությունները կայացել էին հունիսի 14-ին: ԻԻՀ ազգային անվտանգության բարձրագույն խորհրդում հոգևոր առաջնորդի ներկայացուցիչ Հասան Ռոհանին հավաքել էր 50,48 տոկոս` դառնալով Իրանի 7-րդ նախագահը:
Ս. Շաքարյանցը Իրանի նորընտիր նախագահին բնութագրեց որպես Իրանի հասարակական վերնախավի ներկայացուցիչ, ուժային կառույցների ներկայացուցիչ, խորամանկ, լավատեղյակ: Ըստ քաղաքագետի, Հասան Ռոհանիի ընտրվելը Իրանի հասարակությունում ոչ ոք հարցականի տակ չի դրել, ինչը նշանակում է, որ կոնկրետ Իրանի համար դա հաղթանակ է:
Ս. Շաքարյանից դիտարկումներով, Իրանի վարած արտաքին քաղաքականությունում որևէ փոփոխություն չի լինի: «Իրան-Ռուսաստան մերձեցումը մոտիկացնում է այն իրավիճակը, որ հնարավոր կլինի ձևակերպել Ռուսաստան-Հայաստան-Իրան ռազմավարական առանցք»,- կարծիք հայտնեց նա` հավելելով, որ այդ դեպքում Հայաստանը կդառնա կարևոր առանցքի կարևորագույն օղակ:
Ինչ վերաբերում է առհասարակ Հայաստան-Իրան հարաբերություններում փոփոխություններին, ըստ Ս. Շաքարյանցի, կախված կլինի Հայաստանից: