Շ.Թորոսյանը սպասում է կառավարության պատասխանին, իսկ Բավրայում 1000 դրամները շարունակում են գանձել
Բոլորովին վերջերս Բավրա անցակետը հատող մեր հայրենակիցներին, որոնց պետհամարանիշները վրացական են, տհաճ անակնկալ էր սպասվում` սահմանի ամեն հատումը այսուհետ 1000 դրամ արժե: Հիմա էլ իրավիճակը նույնն է, թեև բավականաչափ աղմուկ բարձրացվեց ու այդ մասին խոսվեց: Panorama.am-ի հետ զրույցում ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ ամեն ինչ նույնն է, դեռևս տեղաշարժ չկա:
Հազար դրամների պատմությունը սկիզբ է առել մեր իսկ օրենսդրությունից, համաձայն որի ՀՀ սահմանը հատող ցանկացած ավտոմեքենա, որն ունի ոչ հայկական պետհամարանիշներ, պարտավոր է լրացնել հայտարարագիր: Նույն օրենսդրության համաձայն` մաքսային ծառայությունները կարող են մատուցվել նաև միջնորդների կողմից, սակայն դա պետք է լինի կամավոր, այսինքն քաղաքացին ինքը որոշի` օգտվի միջնորդի` բրոքերի ծառայությունից, թե ինքն անձամբ զբաղվի: Շ.Թորոսյանի խոսքով` դա լավ ծառայություն է, եթե, իհարկե, պահպանվի կամավորության սկզբունքը, ինչպես նաև արհեստական խոչընդոտներ չստեղծվեն, որոնցից խուսափելու համար քաղաքացիները գերադասեն վճարել այդ գումարը.
«Մենք կարծում ենք, որ Բավրայի անցակետում բրոքերային ծառայությունը սխալ է: Քանի դեռ չկար միջնորդավճարը մաքսային ծառայությունները բավականին արագ էին մատուցվում, իսկ հիմա հնարավոր է արհեստականորեն ձգձգում լինի»,- ասաց նա:
Արձագանքելով մեր այն հարցին, թե այդ սահմանով հիմնականում ջավախահայերն են անցնում-դառնում` խոսքը այլ երկրի պետական համարանիշներով ավտոմեքենաների մասին է և սա, փաստորեն, լրացուցիչ ֆինանսական բեռ է նրանց համար դարձել, Շ.Թորոսյանը համաձայնեց.
«Դուք ճիշտ եք, որ հիմնականում միայն ջավախահայերն են անցնում և մենք նրանց համար լրացուցիչ ֆինանսական դժվարություններ ենք ստեղծում: Մեր հայրենակիցներից շատերը ամսվա ընթացքում մի քանի անգամ են հատում սահմանը, կան նաև տաքսու վարորդներ, պատկերացնո՞ւմ եք ինչ է նշանակում նման ծանր սոցիալական պայմաններով ապրող ջավախքցիների համար ամեն անգամ 2 հազար դրամ թողնել սահմանին»,- նշեց մեր զրուցակիցն ու մատնանշեց, որ միջնորդավճարի կիրառումը արդարացիորեն բողոքի ալիք էր բարձրացրել: Տեղեկացրեց նաև, որ պահանջել է, որպեսզի բրոքերային ծառայությունը հանվի Բավրայի անցակետից, այդ պահանջով հունիսի 7-ին բողոքի ակցիա կազմակերպվեց ջավախահայերի կողմից.
«Կառավարությունը խոստացավ ուսումնասիրել հարցը և որոշում կայացնել, սակայն այս պահի դրությամբ դեռ որոշում չկա, անցակետին էլ գումարները գանձվում են բրոքերների կողմից»,- ասաց Շ.Թորոսյանը:
Ի դեպ, հետաքրքրվեցինք, թե արդյոք ունի վիճակագրություն այն մասին, թե մոտավոր հաշվարկներով քանի օտար պետհամարանիշներով ավտոմեքենա է օրական հատում Բավրայի անցակետը, սակայն պատգամավորն ասաց, որ ինքն էլ է հետաքրքրվել և սպասում է այդ վիճակագրությանը, այնպես որ մոտավոր թիվ այս պահին չի կարող հնչեցնել: