Իր հաղթանակով նախագահը պարտական չէ օլիգարխներին
«Ռուբեն Հայրապետյանը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի հետ խորհրդակցությունից հետո հրաժարվեց մանդատից, Սյունիքում պատահածից հետո հրաժարական տվեց Սուրեն Խաչատրյանը, ոստիկանապետի հայտարարությունից հետո դադարեցին Վարդան Ղուկասյանի և Մարտուն Գրիգորյանի ընտանիքների միջև արյունալի վեճերը, քաղաքապետարանը կանխեց Փակ շուկայի տեղում բնակելի շենք կառուցելու օլիգարխ Սամվել Ալեքսանյանի փորձերը: Այս ամենն ազդանշան է առ այն, որ իշխանությունը փորձում է օլիգարխներին ստիպել խաղալ կանոններով, և հասարակությունն այդ հարցում պետք է սատարի հանրապետության նախագահին»,-գրում է «Голос Армении»-ն` հավելելով ՀՅԴ պատգամավոր Վահան Հովհաննիսյանի խոսքերը. «Նախագահը կարող է հանգիստ հրաժեշտ տալ օլիգարխներին: Ընտրություններում իր հաղթանակով Սերժ Սարգսյանը պարտական չէ օլիգարխներին: Այո, իրենք սատարել են իրեն, սակայն նա հաղթել է ոչ թե իրենց օժանդակության արդյունքում, այլ որովհետև քաղաքական հիմնական ուժերը հրաժարվել էին մասնակցությունից: Նախագահն իր հաղթանակով պարտական չէ նրանց, ումից ժողովրդի սիրտը խառնում է»: Օլիգարխների հանդեպ կառավարության վերաբերմունքի խստացմամբ է թերթը պայմանավորում այն փաստը, որ ԲՀԿ-ն հատուկ տեղեկատվական արտահոսք է կազմակերպել լրատվամիջոցներում այն մասին, թե Գագիկ Ծառուկյանն արգելել է ԲՀԿ-ին խիստ քննադատության ենթարկել կառավարությանը: