Առնվազն մեկական մարզիկ-մարզուհի կներկայացնի մեր երկիրը
Սոչիում 2014 թ. անցկացվելիք ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկին մնացել է 234 օր, և մենք հույս ունենք, որ այդ մարզահանդեսին կմասնակցեն նաև Հայաստանի ներկայացուցիչները:
Դահուկավազքի հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ, գյումրեցի Սլավա Սարգսյանը ՀԱՕԿ-ի լրատվության բաժնի թղթակցին ասել է, որ առնվազն մեկական մարզիկ-մարզուհի կներկայացնի մեր երկիրը: Ավելին` աշոցքցի շնորհալի Սերգեյ Միքայելյանը հանդես կգա բոլոր չորս մրցատարածություններում: Մրցակարգի համաձայն` որքան շատ է միավորների քանակը, այնքան ցածր է մարզիկի վարկանիշը: Սրան հակառակ` դահուկային սպորտում ավելի քիչ միավոր է տրվում մրցումներում հաջողության հասնող մարզիկներին: Այսպես` 1-ից մինչև 100 միավոր ունեցող դահուկորդը, օլիմպիական ուղեգիր ստանալուց բացի, նաև բոլոր չորս մրցատարածություններում մասնակցության իրավունք է ստանում: 100-ից մինչև 300 միավոր ունեցողը, ճիշտ է, խաղերին մասնակցելու ուղեգիր կստանա, բայց միայն` մեկ մրցաձևում հանդես գալու նկատառումով: Մերոնց պարագայում Ս. Միքայելյանը ունի բավական բարձր ` 58 միավոր, և նա Սոչիում կմրցի 1,6 կմ արագավազքում, ինչպես նաև 15, 30 և 50 կմ մրցատարածություններում:
Մեր երկրորդ հույսը գյումրեցի Աննա Մխիթարյանն է: Նա վաստակել է մինչև 300 միավոր և ընդամենը մեկ` 10 կմ դասական մրցաոճում հանդես գալու իրավունք ունի:
Դասակարգման աղյուսակում բարձրանալու հույսեր են փայփայում նաև Կատյա Գալստյանը , Թադևոս Պողոսյանը և Արթուր Եղոյանը:
Նշված բոլոր մարզիկները կմասնակցեն Ռուսաստանում, Էստոնիայում, Ֆինլանդիայում և Բելառուսում հուլիսի 10-ից մինչև խաղերի սկիզբը հաջորդաբար անցկացվելիք ուսումնամարզական հավաքներին և մրցումներին: Թվարկած երկրներից բացի, մերոնք հանդես կգան նաև Չեխիայի և Իտալիայի միջազգայիններում: Այսքանից հետո միայն մարզաձևի միջազգային ֆեդերացիան կհաստատի առաջատարների ցուցակը և այն կներկայացնի միջազգային օլիմպիական կոմիտե: Իսկ պաշտոնական ցանկը ՄՕԿ-ը կհրապարակի 2014 թ. հունվարի 20-ին:
Նախապատրաստական աշխատանքներին նպաստում են Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն և դահուկային սպորտի հանրապետական ֆեդերացիան:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում