Աշոտ Վարդևանյան. Հայաստանը ջրային ռեսուրների առումով աղքատ չէ, բայց շռայլ է
Հայաստանի տարածքի 25 տոկոսն անապատացման երևույթների վտանգի տակ է, իսկ 81 տոկոսը ենթակա է անապատացման: Ասուլիսում այս տվյալները ներկայացրեց Հայաստանում ՄԱԿ-ի` անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը: Նա նշեց, որ այդ ուղղությամբ որոշ քայլեր արվում են` վերակառուցվում են ջրամաբարները, դրենաժային համակարգերը: «Անհրաժեշտ եմ համարում փոքր և միջին չափի ջրամբարների կառուցումը: Ինչքան շատ, այնքան մեր հարստությունն է», -ասաց բանախոսը:
Ա. Վարդևանյանը հայտնեց, որ Հայաստանում կա 448,4 հազար վարելահող, որից 120,3 հազարը ոռոգման ցանցի տակ է, այսինքն երաշտից ապահովագրված է: Հայաստանի գյուղատնտեսական մշակովի հողատեսքերի 80 տոկոսը կարիք ունի ոռոգման, սակայն ոռոգվում է 40 տոկոսը: Ըստ Ա. Վարդևանյանի, Հայաստանում ոռոգման համակարգում շատ է ջրի կորուստը` 50 տոկոս ու ավել:
Նրա խոսքով, Հայաստանը ջրային ռեսուրների առումով աղքատ չէ, բայց շռայլ է. «Առաջիկայում պատերազմներ կլինեն ոչ միայն հողի համար, այլ ջրի համար: Ջուրը թանկ ռեսուրս է»: Նա ընդգծեց, որ ջրային ռեսուրսների նկատմամբ առավել խնայողաբար պետք է լինել: