Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են` ի՞նչ անեն. Գալուստ Սահակյան
«Ես որևէ բան ոչ իրավունք ունեմ համարելու, ոչ էլ այդ ինֆորմացիային եմ տիրապետում, ոչ էլ հավատում եմ այդ շոուներին, որոնք կազմակերպվում է: Դա ավելի շուտ պետք է համապատասխան մարմիններին դիմեք», -այսօր Ազգային ժողովում մի քանի լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ Հանրապետական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը` մեկնաբանելով գործարար Աշոտ Սուքիասյանի ու Տիգրան Սարգսյանի և Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի անվան հետ կապված օֆշորային պատմության մասին լուրերը:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե մասնավորապես, ի՞նչն է շոուն, Սահակյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ վարչապետը պետք է խնդիր ունենար օֆշորային գոտիներում գումար պահելու հետ: Դրանք բոլորը դեմ են կառավարությանը, վարչապետին, քաղաքական թիմին: Իսկ ընդդիմությունը թիրախային է դարձնում դրանք: Իսկ մեր ժամանակներում ամեն ինչն էլ կարելի է շրջանառության մեջ դնել և որոշակի խնդիրներ լուծել: Նույնիսկ հետամուտ չեմ, թե ինչ խնդիրներ են լուծում»:
Խորհրդարանական մեծամասնության ներկայացուցչի խոսքով այս ամենը բանկային համակարգի հետ կապված խնդիր է, իսկ ինքը դրանից ոչինչ չի հասկանում: «Իմ կարծիքով, դրանք անհեթեթ հերյուրանքներ են կապված վարչապետի անվան հետ ու քննարկվում են հասարակության մեջ` մեկը կհավատա, մյուսը չի հավատա», -հավելեց Սահակյանը` նկատելով, որ ինքը գործակալ չէ, որ հասկանա, թե ում ձեռքի գործն է այս ամենը:
Լրագրողը հետաքրքրվեց, որ ըստ շրջանառվող տեղեկությունների, օֆշորային պատմությունը Հովիկ Աբրահամյանի և վարչապետի միջև տարաձայնությւոնների արդյունք է, և հենց Հովիկ Աբրահամյանն էլ փորձում վարկաբեկել Տիգրան Սարգսյանին: «Ես էն գործիչը չեմ, որ այստեղ կանգնեմ բամբասենք: Ռեալ հարցեր տվեք, դրանք պարզապես ուղղվածություն ունեցող շոու սարքելու կամ քաղաքական շրջանառության մեջ ինչ-որ որոնումների խնդիր կարող է լինել: Իրականում որևէ բան տեղի ունեցած չի կարող լինել, որը իշխանությանը կվերաբերի կամ մասնավորապես, վարչապետին: Հովիկ Աբրահամյանն ու վարչապետը պայքարում են ինչ անեն», -պատասխանեց Սահակյանը: