Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ Մինսկում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների ՄՀԽ նիստը
Հայաստանի մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի նախագահությամբ հունիսի 20-22-ը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կկայանա ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի /ՄՀԽ/ հերթական՝ XXVIII նիստը: Այս մասին Panorama.am-ին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
ՀՀ պատվիրակության կազմում նիստին կմասնակցեն ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի արխիվային փաստաթղթերի պահպանման, գիտական մշակման և թվայնացման բաժնի ղեկավար Արա Խզմալյանը և «Արտ Էքսպո» հասարակական կազմակերպության ներկայացուցիչ Հայկուհի Թաքսիլդարյանը:
Նիստի օրակարգում քննարկվելու են ԱՊՀ մասնակից պետություններում իրականացված և իրականացվելիք մշակութային միջոցառումները, առանձնակի կարևորվելու է նաև Համագործակցության կանոնադրական և այլ մարմիններում մշտական լիազոր ներկայացուցիչների` ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի 2013 թ. նոյեմբերի նիստում ներկայացվելիք հաշվետվությունը: ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի XXVIII նիստում, ի թիվս այլ հարցերի, քննարկման է դրվելու 2014 թվականը ԱՊՀ-ում «Զբոսաշրջության տարի» հայտարարելու մասին հայեցակարգը: Առանձնակի ուշադրություն է դարձվելու մինչև 2020 թ. ԱՊՀ երկրների երիտասարդական միջազգային համագործակցության շրջանակում իրականացվելիք 2014-2015 թթ ռազմավարական միջոցառումների ծրագրին:
ԱՊՀ մասնակից պետությունների մշակույթի ոլորտի կազմակերպություններին «Բազային կազմակերպության» կարգավիճակ շնորհելու մասին կանոնակարգերի նախագծի քննարկման ընթացքում զեկույցով հանդես կգա Արա Խզմալյանը՝ կապված Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանի՝ որպես մշակութային ժառանգության ոլորտում «Բազային կազմակերպություն» առաջադրվելու հետ: Նախատեսվում է նաև Հայկուհի Թաքսիլդարյանի համառոտ զեկույցը՝ ԱՊՀ երկրներում «Արտ Էքսպո» ամենամյա ցուցահանդեսային նախագծի կազմակերպման վերաբերյալ:
Նիստին ներկայացվելու են նաև «Համագործակցության մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագրի շրջանակում 2012-2013 թթ իրականացված միջոցառումները, ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական Դելփյան խաղերի առկա վիճակը և հեռանկարները, ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի կողմից տրվող պատվոգրին կից կրծքանշանի մասին տեղեկույթը, «Համագործակցության հասակակիցներ» կինոալմանախի պատրաստման գործընթացը, ինչպես նաև՝ ԱՊՀ մասնակից պետությունների Մշակութային համագործակցության խորհրդի հաջորդ՝ XXIX նիստի օրակարգը: