ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. Համանախագահների հերթակա՞ն, թե՞ ոչ հերթական հայտարարություն` մեկնաբանում են փորձագետները
Հյուսիսիռլանդական Էնիսկիլենում նախօրեին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներն ընդունեցին ղարաբաղյան կարգավորման վերաբերյալ հերթական համատեղ հայտարարությունը: Ինչպիսի՞ եզրահանգումների կարելի է հանգել վերոհիշյալ հայտարարությունից, ԼՂ կարգավարման գործընթացի համատեքստում ինչպիսի՞ կարևոր շեշտադրումներ է այն պարունակում: Այս և թեմային առչվող մի շարք այլ հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցեց քաղաքագետների հետ:
Սերգեյ Մինասյանի կարծիքով` հայտարարության մեջ առկա շեշտադրումները սպասելի էին:
«Համանախագահ երկրների ղեկավարների թվով հինգերորդ` Էնիսկիլենում ընդունված հայտարարության մեջ, իմ կարծիքով, առանձնացվում են երկու կարևոր դրույթներ: Առաջինը այն է, որ ընդհանուր սկզբունքների ընդունման առումով կոչ է արվում արագացնել այդ գործընթացը: Այս համատեքստում լիովին հասկանալի է, թե ում մեղքով է այս գործընթացը արգելակվում: Ավելի քան պարզ է նաև երկրորդ շեշտադրման, այն է, ռազմատենչ հայտարարություններից և հռետորաբանությունից հրաժարվելու կոչի իրական և միակ հասցեատերը: Այս հարցում ևս երեք միջուկային գերտերությունները, միջազգային քաղաքականության երեք դերակատարները համակարծիք են: Այս հայտարարությամբ ևս մեկ անգամ շեշտվում է նաև այն իրողությունը, որ ԵԱՀԿ ՄԽ ձևաչափը անխուսափելի է, և որ ո՛չ հակամարտության կողմերը և ոչ էլ ինչ-որ այլ ուժեր չեն կարող փոփոխության ենթարկել այս ձևաչափը»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` հայտարարության մեջ ներկայացված մոտեցումների մեծագույն մասը անուղղակիորեն ակնարկում են համանախագահ երկրների ` Ադրբեջանի որդեգրած քաղաքակության նկատմամբ դժգոհությունը: «Դա կապված է և՛ ռազմական հռետորաբանության, և՛ ռազմական բյուջեի ավելացման հետ»,- շեշտեց Ա. Մարկարովը:
«Պետք է նշել, որ ինչպես նախկինում, այպես էլ ԼՂ հակամարտության կարգավորման մեջ շահագրգռված բոլոր միջազգային ակտորները և մեկ անգամ շեշտում են այն իրողությունը, որ հինախնդիրը կարող է լուծվել բացառապես խաղաղ բանակցությունների ճանապարհով: Բնական է, որ համանախագահ երկրները, ցանականալով հասնել հինախնդրի լուծմանը, շեշտում են այն իրողությունը, որ հակամարտող կողմերից միայն մեկին բավարարող լուծման տարբերակը բացառվում է, և անհրաժեշտ է փնտրել այնպիսի հանգուցալուծում, որ թեև լիովին չի բավարարի կողմերից որևէ մեկին, սակայն կբխի իրատեսական դիրքերից»,- նշեց Ալեքսանդր Մարկարովը:
Վերլուծաբան Մանվել Ղումաշյանն էլ Մինսկի խմբի եռանախագահների վերջին հայտարարութան մասին այսպիսի կարծիք ունի.
«Հնչեց Մինսկի խմբի համանախագահների հերթական կոչը հակամարտող կողմերին: Հերթական, որովհետև սկզբունքային տարբերություն չկա նախկինում հնչեցրած բոլոր կոչերից, որտեղ երկու կողմերին էլ հավասարապես հորդորվում է «զերծ մնալ գործողություններից կամ հայտարարություններից, որոնք կարող են տարածաշրջանում սրել լարվածությունն ու բերել հակամարտության էսկալացիայի…», ինչպես նաև «բոլոր կողմերին մեկ անգամ ևս հաստատել իրենց հավատարմությունը Հելսինկյան սկզբունքներին, մասնավորապես ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման իրավունքի վերաբերյալ»:
Զարմանալի մոտեցում: Ոչինչ չի փոխվել համանախագահների հռետորաբանության մեջ: Կարծես չի եղել Կազանի հանդիպումը, որտեղ Ադրբեջանի նախագահն ուղղակի տորպեդահարեց բանակցությունները, կարծես արդեն մոռացվել է, որ հենց Ադրբեջանի նախագահն է իր ամեն մի ելույթում հաստատում, որ երկիրը պատրաստվում է ռազմական ճանապարհով «կարգավորել» խնդիրը, կարծես թե ադրբեջանական դիպուկահարները չեն, որ սրում են լարվածությունը շփման սահմանագծում, կարծես ադրբեջանական կողմը չէ, որ անտեսելով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը, բոլոր հնարավոր ատյաններում ցանկանում է հասնել «հաջողության»՝ առաջ քաշելով միայն տարածքային ամբողջականության թեզը: Եվ վերջապես՝ կարծես Ադրբեջանը չէ, որ իր տարածաշրջանային դաշնակից՝ Թուրքիայի հետ շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը, դրանով իսկ մեկ անգամ ևս ապացուցելով, որ ցանկանում է հասնել խնդրի լուծմանը բացառապես ուժի և ուժի սպառնալիքի դիրքերից:
Այս ամենի մասին և ոչ մի խոսք Հյուսիսային Իռլանդիայից հնչած համանախագահների հայտարարությունում:
Այսինքն` պետք է ենթադրել, որ հակամարտության լուծումը դեռ հեռու է հասունացման կետից»:
Քաղաքագետ Տիգրան Աբրահամյանի համոզմամբ` Տոնայնության ու նրբերանգների առումով այս հայտարարությունը որոշակիորեն տարբերվում էր համանախագահ երկրների ղեկավարների նախորդ չորս հայտարարություններից: «Անհրաժեշտ եմ համարում ֆիքսել, որ հայտարարությունում ուժի չկիրառման վերաբերյալ շեշտադրումներն առավել կոշտ բնույթ են կրում, ինչը կարծում եմ կապված է Ադրբեջանի կողմից, հիմնախնդիրը ռազմական ճանապարհով լուծելու՝ առավել հաճախակի հնչող հայտարարությունների ու մեծաքանակ սպառազինության ձեռք բերման հետ»,- նշեց Տ. Աբրահամյանը:
Հատկանշական է, որ մինչև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կազանյան հանդիպումը եղած հայտարարություններում համանախագահները պահպանում էին լավատեսական մոտեցում, անգամ ինչ-որ տեղ քաջալերում և օժանդակություն էին հայտնում մոտալուտ ակնկալվող համաձայնությունների դեպքում, իսկ ահա Կազանում տեղի ունեցած հանդիպումից հետո եղած տեքստերում, մասնավորապես նաև նախօրեին ընդունված հայտարարությունում առկա է մտահոգություն և նախազգուշացում՝ իրավիճակն էսկալացիայի տանելու դեպքում հնարավոր հետևանքների մասով:
Սերգեյ Մինասյանի կարծիքով, համանախագահների հայտարությունների տրամաբանության նման փոփոխությունը լիովին ընկալելի է:
«Կարծում եմ, որ նման փոփոխության իրական պատճառները հասկանալի են բոլորին: Հասկանալի է, որ հիմնարար սկզբունքների չընդունման մեղավորությունը հայկական կողմի վրա չէ: Այն պայմաններում, երբ մինչև Կազանյան հանդիպում ամենաբարձր մակարդակով, այն թվում` նաև ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի մակարդակով երաշխիքներ էին տրվում, որ բանակցությունների սեղանի դրվելիք փաստաթուղթը անպայմանորոն կստորագրվի, և արդյունքում դա տեղի չի ունենում, հասկանալի է, որ երանգները պետք է փոփոխություն կրեին»,- նշեց Սերգեյ Մինասյանը:
Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` սույն իրողություն առաջին հերթին խոսում է այն մասին, որ արտաքին գերակա խաղաղացողներից ոչ մեկը բացարձակապես շահագրգռված չէ հիմնախնդրի ռազմական լուծման մեջ:
«Մյուս կողմից ապրիորի ցույց է տվում որ նման «լուծումները» ոչ մի պարագայում չեն արժանանա միջազգային հանրության աջակցությանը»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:
Ինչ վերաբերում է նրան թե ի՞նչ պատճառներով տրամաբանության նման փոփոխությունը տեղի ունեցավ հենց Կազանյան հանդիպումից հետո, ապա ըստ Ա. Մարկարովի, դրա հիմնական շարժառիթը բանակցություններում Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն էր:
Տիգրան Աբրահամյանը ևս համակարծիք է այն հարցում, որ տրամաբանության նման փոփոխության հիմական պատճառը Կազանյան հանդիպումից սպասելիքների չիրականանալն էր:
«Բանն այն է, որ Կազանում կայացած հանդիպումից հետո կոնկրետ իրավիճակ է փոխվել: Եթե մինչ Կազանյան հանդիպում համանախագահները հույս ունեին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակ կողմերին կհաջողվի համաձայնության գալ «Հիմնարար սկզբունքների փաստաթղթի» շուրջ, ապա հանդիպումից հետո այդ հույսերը չարդարացան: Իսկ պատճառն այն էր, որ Ադրբեջանը ոչ միայն հետ կանգնեց ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածություններից, այլ կազանյան հանդիպմանը, բոլորի համար անակնկալ ձևով, հանդես եկավ 10 նոր առաջարկներով, ինչի արդյունքում հանդիպումը տապալվեց»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
Համանախագահները ընդունած հայտարարությամբ նշում են, որ հիմնարար սկզբունքներն ու տարրերն օրակարգում են, դրանք միասնական են և ամբողջական: Այսինքն՝ օրակարգի փոփոխություն այս մասով չի նախատեսվում: Այս համատեքստում, կարո՞ղ ենք հանգել այն եզրակացության, որ միջնորդները մերժում են Ադրբեջանական կողմի`հիմնարար սկզբունքները շրջանցելու և խաղաղության մեծ պայմանագրի մշակմանը ձեռնամուխ լինելու մոտեցումը, փոխարենը հայկական կողմի մոտեցումն, ընկալվել է միջազգային հանրության և մասնավորապես միջնորդների կողմից:
«Կարծում եմ որ, կոնկրետ այն ձևակերպումը, թե հիմանար սկզբունքները «անհրաժեշտ է դիտարկել որպես մեկ ամբողջականություն», որն առաջին անգամ հիշատակվել էր էր Աստանայում 2010թ կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովում ԱՄՆ այն ժամանակվա պետքարտուղար Հիլարի Քլինթոնի կողմից, հայտարարության մեջ մտցվել է Միացյալ Նահանգների ջանքերով: Հասկանալի է, որ հիմնարար երեք սկզբունքներ էլ պետք է հաշվի առնվեն և ներկա դրությամբ համանախագահ երկրները դիտարկում են հարցի, այսպես կոչված, փաթեթային լուծման տարբերակը: Մյուս կողմից` բնական է այն իրողությունը, որ ոչ ոք իրատեսական չի համարում, այն որ հայկական կողմերը կարող են անգամ քննարկել ինչ-որ տարածքներից զորքերի դուրս բերման հնարավորությունը, այն պարագայում, եթե տեսանելի չլինի ԼՂ կարգավիճակի խնդիր լուծման իրատեսական ճանապարհը»,- ասաց Սերգեյ Մինասյանը:
Ալեքսանդր Մարկարովի կարծիքով` միջազգային հանրությունը շարունակում է հանդես գալ հինախնդրի երկփուլային կարգավորման դիրքերից:
«Ընդունվելիք հայտարարությունները օգտակար են մեծ մասամբ և համընկնում են հայկական կողմերի դիրքորոշման հետ: Մասնավորապես այս ամենը երևում է հինախնդրի լուծման փաթեթային տարբերակի հարցում: Միջազգային հանրությունը շարունակում է հանդես գալ երկփուլային կարգավորման դիրքերից ` այն է , այսպես կոչված շրջանակային համաձայնագրի ստորագրում և միայն դրանից հետո մեծ պայմանագրի շուրջ բանակցություններ»,- ասաց Ալեքսանդր Մարկարովը:
Տիգրան Աբրահամյանի կարծիքով` միջազգային հանրության համար հասկանալի է, որ «Խաղաղության մեծ պայմանագրի» մշակման մասին թեզի շրջանառմամբ Ադրբեջանն պարզապես փորձում է քողարկել Կազանյան հանդիպման ձախողումը:
«Ադրբեջանը «Հիմնարար սկզբունքները» շրջանցելու և «Խաղաղության մեծ պայմանագրի» մշակման մասին թեզ սկսեց շրջանառել հենց Կազանյան հանդիպումից հետո, երբ պաշտոնական Բաքվի ապակառուցողական դիրքերից հանդես գալը դարձավ առավել ընդգծված: Անշուշտ, միջազգային հանրության համար տեսանելի է, որ Ադրբեջանն իր այդ թեզով փորձում է քողարկել Կազանյան հանդիպման ձախողումը և փորձում է հանդես գալ որպես «նախաձեռնող» կողմ: Հայաստանի և միջնորդ երկրների մոտեցումները համընկնում են, քանզի նրանք համակարծիք են՝ առանց «Հիմնարար սկզբունքների» համաձայնեցման ուղղակի անհնար է անցնել «Խաղաղության մեծ պայմանագրի» մշակման աշխատանքներին»,- նշեց Տիգրան Աբրահամյանը:
Նշենք, որ մինչ այդ նման մակարդակով հայտարարություններ էին ընդունվել 2009 թվականի հուլիսի 10-ին իտալական Աքվիլայում, 2010 թվականի հունիսի 26-ին կանադական Մուսկոկայում, 2011 թվականի մայիսի 26-ին ֆրանսիական Դովիլում , ինչպես նաև 2012 թվականի հունիսի 19-ին մեքսիկական Լոս Կաբոսում: Փաստորեն՝ Էնիսկիլենի հայտարարությունը պետությունների ղեկավարների մակարդակով արված թվով հինգերորդ համատեղ հայտարարությունն է:
Նախորդիվ`
Հ.Նաղդալյան. Նախագահների հայտարարությունը միանշանակ հակաադրբեջանական հայտարարություն է
Միջնորդներն օրակարգի փոփոխություն չեն նախատեսում. Պետք է համաձայնեցվեն հիմնարար տարրերը
«Ուժի կիրառումը չի կարող հանգեցնել հակամարտության կարգավորմանը». Նալբանդյանի մեկնաբանությունը` համատեղ հայտարարության վերաբերյալ
Ղեկավարները պետք է պատրաստեն իրենց ժողովուրդներին խաղաղության. ԼՂ հակամարտության վերաբերյալ համատեղ 5-րդ հայտարարությունը
ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ. Նախագահների չկայացած հանդիպումը մեկնաբանում են փորձագետները
Հեղինակ` Կարեն Ղազարյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու