Ոստիկանապետը` օֆշորային գործի մասին. Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները (տեսանյութ)
Կատարվում է նախաքննություն, իրականացվում են անհրաժեշտ բոլոր օպերատիվ ու քննչական միջոցառումները: Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով գործարար Աշոտ Սուքիասյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքներին ու հարուցված քրեական գործի քննությանը, ասաց ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
«Մենք այս ամբողջ ժամանակահատվածում ցույց ենք տվել, որ մենք բաց ենք աշխատում: Ես ձեզ խոսք եմ տալիս, որ այդ գործերի ամբողջ ընթացքը, որը ձեզ կհետաքրքրի, կարող եք մոտենալ լրատվության վարչության պետին, և ինչ թույլատրելի է տվյալ գործի քննության սահմաններում, կստանաք, իսկ ավարտին արդեն մենք բաց կխոսենք այդ մասին»,-ասաց Վ. Գասպարյանը:
Հիշեցնենք, որ նախաքննական մարմինը հունիսի 17-ին Աշոտ Սուքիասյանին կալանավորելու որոշում է կայացրել ու նրա նկատմամբ հետախուզում հայտարարել:
Դրանից հետո Սուքիասյանը նամակ է գրել գլխավոր դատախազությանն ու «Հետք»-ին, որտեղ ասված է. «Ուզում եմ անդրադառնալ օֆշորային կազմակերպությանը` WLISPERA HOLDINGS LIMITED-ին: Նախ ասեմ, որ այս կազմակերպության հիմնադիրը ես եմ և ես եմ բաժնեմասեր գրել Տ. Սարգսյանի և Ն. Կճոյանի անուններով` առանց նրանց գիտության և առանց նրանց համաձայնության: Դա արել եմ, որպեսզի իմ բիզնեսը զերծ պահեմ տարբեր ոտնձգություններից: Չեմ գիտակցել, որ այն կարող է հետևանքներ ունենալ»: