««Բնական գազին այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել». դիտարկումներ այլընտրանքային էներգետիկայի շուրջ
Գազի գնի բարձրացումը, թեև սպասվող բացասական հետևանքներին, ունի մի դրական կողմ, դա այն է, որ հասարակությունը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել այլընտրանքային էներգետիկայի աղբյուրների` հատկապես մեր երկրում դրանց ներուժին և դրանցից էներգիա ստանալու հնարավորություններին: Թեև նման ցնցումային իրավիճակների մի քանի անգամ արդեն բախվել ենք, ինչպես օրինակ իննսունականներին էներգետիկ ճգնաժամի ժամանակ և 2008-թ.-ին ռուս-վրացական պատերազմից հետո, սակայն այդ ժամանակ ավելի շատ խոսվում էր ավանդական էներգիայի աղբյուրների դիվերսիֆիկացման մասին, քան այլընտրանքային էներգետիկայի զարգացման մասին:
Գաղտնիք չէ, որ Հայաստանի էներգետիկ արդյունաբերությունը հիմնված է երեք բաղադրիչների` միջուկային վառելիքի, բնական գազի և ջրային ռեսուրսների վրա: Առաջին երկուսի դեպքում հումքը ներկրովի է և այստեղ խնդիրը միայն նրանում չի, որ ուրանի և բնական գազի գները ենթակա են փոփոխությունների, որոնք իրենց հերթին ստեղծում են մեր տնտեսության համար ռիսկային ճնշումներ, այլ այն, որ մեր էներգետիկայի ավանդական ենթաճյուղերը` ատոմային էներգետիկան և ջերմաէներգետիկան նույնպես խոցելի են և դրանց կայուն գործունեությունը պայմանավորված է բազմաթիվ արտաքին գործոններով: Հիդրոէներգետիկայի զարգացման համար ևս բազմաթիվ խոչընդոտող գործոններ են ի հայտ գալիս և այստեղ նույնպես ամեն ինչ հստակ չէ: Մեկ այլ բաղադրիչ` այլընտրանքային էներգետիկան իր բոլոր ուղղություններով հանդերձ դեռևս համարժեք չէ մնացած երեքից յուրաքանչյուրին և ընդհանրապես կայացման խնդիր ունի: Հիշեցնենք, որ ըստ ազգային վիճակագրական ծառայության տվյալների, մեր երկրում 2011թ.-ին էլեկտրական էներգիայի արտադրության հաշվեկշիռը ունեցել է հետևյալ կառուցվածքը՝ ջերմաէլեկտրակայաններ-32.1%, հիդրոէլեկտրակայաններ-33.4%, ատոմային էլեկտրակայան - 34.2%, հողմնային էլեկտրակայաններ - 0.3%: Իսկ 2012 թ.-ին այն ունեցել է հետևյալ կառուցվածքը՝ ջերմաէլեկտրակայաններ - 41.9%, հիդրոէլեկտրակայաններ - 29.2%, ատոմային էլեկտրակայան - 28.7%, հողմնային էլեկտրակայաններ - 0.2%:
Ցավոք սրտի միջուկային էներգետիկայի ապագան բավականին անորոշ է Հայաստանում, որը պայմանավորված է ոչ այնքան դրա կարևորության նվազմամբ, որքան գործող ատոմակայանի գործարկման ժամկետի ավարտման և նոր ատոմակայանի կառուցման հետ կապված քաղաքակական և ֆինանսական խնդիրներով: Պակաս հրատապ չեն նաև բնապահպանական և սեյսմիկ անվտանգության գործոններով պայմանավորված ճնշումները, որոնք բավականին նվազեցնում են նոր ատոմակայանի կառուցման հեռանկարը:
Տարածաշրջանային բարդ գործընթացներով պայմանավորված, անկայունության որոշակի աստիճանով է գնահատվում նաև բնական գազի մատակարարումը` Ռուսաստանի Ֆեդերացիայից և Իրանի Իսլամական Հանրապետությունից, որի հիման վրա աշխատում է ջերմաէներգետիկ համալիրը (ինչպես նաև տրանսպորտային համակարգի մի մասը): Հասկանալի է, որ այստեղ նույնպես առկա են քաղաքական, ինչպես նաև տնտեսական և ռազմական բնույթի լուրջ սպառնալիքներ, որոնք կարող են ցանկացած պահի ընդհատել բնական գազով Հայաստանի մատակարարումը կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով:
Ինչ վերաբերում է հիդրոէներգետիկային, ապա վերջին տարիներին դրա տեսակարար կշիռը (մեծ և փոքր ՀԷԿ-երը միասին) զգալիորեն մեծացել է էլեկտրաէներգիայի ստացման հաշվեկշռում: Ջրային ռեսուրսներից արտադրվող էլեկտրաէներգիայի ծավալները զգալիորեն կմեծանան հատկապես Մեղրի (140 ՄՎտ, 840 մլն. ԿՎՏ.ժ), Շնողի (75 ՄՎտ, 300 մլն. ԿՎՏ.ժ) և Լոռիբերդի (66 ՄՎտ, 200 մլն. ԿՎՏ.ժ) հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո, ինչպես նաև փոքր հզորության ևս մի քանի տասնյակ հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո: Բնապահպանական գործոններով պայմանավորված լուրջ հակազդեցություն կա հատկապես լեռնային արագահոս գետերի վրա փոքր հզորության հիդրոէլեկտրակայանների (մինչև 10 ՄՎտ հզորությամբ) կառուցման և շահագործման համար, որոնք կասկածի տակ են դնում դրանց հետագա ընդարձակումը: Հիշեցնենք, որ փոքր հիդրոէլեկտրակայանների (ՓՀԷԿ) կողմից էներգիայի արտադրությունը համարվում է վերականգնվող էներգիայի ուղղություններից մեկը:
Ինչպես տեսնում ենք, էներգետիկ արդյունաբերության գերիշխող ճյուղերից յուրաքանչյուրն ունի որոշակի ռիսկայնություն, այդ տեսակետից այլընտրանքային էներգետիկայի կայացումը և զարգացումը կասկած չի հարուցում, առավել ևս, որ դա տեղի է ունենալու «սեփական ռեսուրսների»՝ հատկապես արևային և հողմնային անսպառ ռեսուրսների հենքի վրա: «Ատոմակայանին այլընտրանք» չկա, կամ «բնական գազին այլընտրանք չկա» մտածելակերպից վերջապես պետք է հրաժարվել և խնդրին պետք է ավելի լուրջ վերաբերվել:
Այլընտրանքային էներգետիկան ամենաթույլ զարգացած, սակայն ամենահեռանկարային ուղղությունն է մեր էներգետիկ արդյունաբերության զարգացման համար: Այլընտրանքային էներգետիկան, դա հիմնականում վերականգնվող և անսպառ բնական ռեսուրսներից տարբեր տեսակի էներգիաների (ինչպես օրինակ՝ էլեկտրական, ջերմային, մեխանիկական) ստացման, առաքման և օգտագործման տեխնոլոգիաների համախումբն է, տեխնոլոգիաներ, որոնք լայնորեն տարածված չեն, սակայն հեռանկարային են, տեխնիկապես հասանելի և տնտեսական առումով որոշակի հետաքրքրություն են ներկայացնում: Ընդհանրապես այլընտրանքային էներգետիկան իր մեջ ներառում է` հողմնային էներգետիկան, արևային էներգետիկան, կենսառեսուրսներից էներգիայի ստացումը, կենսավառելիքի ստացումը, ջրածնային էներգիայի ստացումը, երկրաջերմային էներգետիկան, ջրային ռեսուրսներից էներգիայի ստացումը և այլ ուղղություններ:
Չնայած գոյություն ունեցող մեծ ներուժին՝ այլընտրանքային էներգիայի տեսակարար կշիռը Հայաստանում դեռևս փոքր է և երկրի էներգետիկ համակարգում մեծ դեր չի խաղում (բացառությամբ փոքր հիդրոէլեկտրակայաններից ստացվող էլեկտրաէներգիայի): Թեև երկար ժամանակ, այլընտրանքային էներգետիկան մեր երկրում չի կարող էներգիայի ապահովման հիմնական աղբյուրը լինել, սակայն այն կարող է բավարարել էներգետիկ կարիքների մի մասը, իսկ դրա զարգացումը միաժամանակ կստեղծի արդյունաբերության և սպասարկման ոլորտի նոր ճյուղեր, կխթանի գիտական նոր ուղղությունների զարգացմանը, կստեղծի բազմաթիվ աշխատատեղեր:
Հաջորդ հոդվածներում կներկայացնեմ Հայաստանի էներգետիկ ներուժը և զարգացման հեռանկարները՝ հատկապես ուշադրությունը կենտրոնացնելով այլընտրանքային էներգետիկ ռեսուրսների վրա:
Շարունակելի
Սարգիս Մանուկյան