Hurriyet Daily News. Ձերբակալվել է Դինքի սպանության կազմակերպման գործով կասկածվող անձանցից մեկը
Թուրքիայի Տրապիզոն քաղաքում երեկ ձերբակալվել է Հրանտ Դինքի սպանության կազմակերպման գործով կասկածվող անձանցից մեկը՝ Էրսին Յոլչուն: Այս մասին է հաղորդում Hurriyet Daily News պարբերականը:
Համաձայն Գերագույն դատարանի որոշման, Յոլչուի դատավարությունը վերսկսվելու է սեպտեմբեր ամսին: Մեղադրյալն այժմ պահվում է Տրապիզոնի Բահչեչիկ բանտում:
Աղբյուրի փոխանցմամբ, Յոլչուն ավելի վաղ դատապարտվել էր 12.5 տարվա ազատազրկման, սակայն 2010 թվականին ազատ էր արձակվել այն բանից հետո, երբ դատարանը որոշում էր կայացրել, որ վերջինիս՝ «ահաբեկչական կազմակերպության անդամ լինելն» հաստատող բավարար ապացույցներ չկան: Օրեր առաջ Գերագույն դատարանը փոխել էր նրան բանտից ազատ արձակելու դատավճիռը և նոր քննություն սկսել:
Դինքի ընտանիքի փաստաբանները պնդում են, որ վերոնշյալ անձինք ինքնուրույն չեն գործել, նրանց թիկունքում լավ կազմակերպված խմբավորում է աշխատել: