Ա. Մովսիսյան. Բանակցությունների նպատակն այն է, որ գազի գինը անփոփոխ մնա առաջիկա հինգ տարիների ընթացքում (տեսանյութով)
Ռուսական դրամաշնորհի միջոցով Ռուսաստանից Հայաստան մատակարարվող գազի գնի 30% սուբսիդավորումը ոչ մի կապ չունի «ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի 20% բաժնեմասը ռուսական կողմին վաճառելու շուրջ ընթացող բանակցությունների հետ: Դրանք տարբեր գործընթացներ են: Այս մասին «Ռեգնում» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում նշել է ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:
«Մենք Մոսկվայի հետ բանակցություններ ենք վարում՝ նպատակ ունենալով ամրագրել գազի գինը հինգ տարի ժամկետով: Դա վերաբերում է նաև սուբսիդավորմանը: Այսինքն՝ մենք ցանկանում ենք հասնել նրան, որ գազի գինը անփոփոխ մնա առաջիկա հինգ տարիների ընթացքում»,- ընդգծել է Ա. Մովսիսյանը:
Նախարարը նշել է նաև, որ այդ բանակցություններում քննարկվում է նաև առաջիկա հինգ տարիներին ռուսական կողմից գազի գնի 30% սուբսիդավորման հնարավորության հարցը:
«Այստեղ նույնպես պետք է գործի այդ մեխանիզմը: Դա կարվի դրամաշնորհի թե պարզ սուբսիդավորման միջոցով, այնքան էլ սկզբունքային հարց չէ: Կարևոր է, որ դա բեռ չլինի երկրի պետական բյուջեի համար առաջիկա հնգամյակում: Հենց այդ ուղղությամբ ենք մենք բանակցություններ վարում»,- պարզաբանել է Ա. Մովսիսյանը
Այդ համատեքստում նա անիմաստ է որակել այն հայտարարությունները, որ ռուսական կողմին «ՀայՌուսգազարդի» 20% բաժնեմասի վաճառքով իրականում վճարվում է գազի գինը 30% սուբսիդավորելու դրամաշնորհի դիմաց:
««ՀայՌուսգազարդ»-ում Հայաստանի 20% բաժնեմասի վաճառքով հնարավոր չէ փակել սուբսիդավորման հնգամյա ծախսերը: Չկա որևէ պատճառ մեկը կապել մյուսի հետ: Այժմ բանակցություններ են վարվում, եթե գործարքը շահեկան լինի Հայաստանի համար, մենք կփորձենք այն իրականացնել, հակառակ դեպքում ամեն ինչ կմնա այնպես, ինչպես կա»,- եզրափակել է նախարարը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ռուսական կողմը հայտարարել էր, որ «Գազպրոմ» ընկերության վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը Մոսկվայում քննարկել են «Գազպրոմ»-ի մասնաբաժինը «ՀայՌուսգազարդ» ընկերությունում ավելացնելու մասին՝ 80%-ից հասցնելով 100%-ի։ 20%-ը պատկանում է Հայաստանի կառավարությանը։ Երեկ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հաստատեց, որ բանակցություններ են ընթանում` Հայաստանի կառավարության «ՀայՌուսգազարդ»-ում ունեցած 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելու շուրջ:
Panorama.am-ի հետ զրույցում էներգետիկայի նախարարը հույս է հայտնել, որ բանակցությունները կավարտվեն մինչև ամսվա վերջ և նոր միայն հանրությանը կտեղեկացվի դրանց մանրամասների մասին: Նա համոզմունք է հայտնել, որ «ՀայՌուսգազարդի» կողմից իրականացվող գործունեության վերահսկողության առումով ՀՀ կառավարության 20% մասնաբաժինը որևէ էական դեր չի խաղում: Նրա խոսքով, Հայաստանը ստանում է շահույթից ֆինանսական դիվիդենտներ, սակայն 20%-ի վաճառքի դեպքում որևէ ռեսուրս չի կորցնի:
Նախարար Մովսիսյանը մեզ հետ զրույցում նաև խուսափել է պատասխանել այն հարցին, թե Հայաստանի 20% մասնաբաժնի վաճառքը ռուսակա՞ն, թե՞ հայկական կողմի առաջարկն է՝ նշելով, որ դա բանակցությունների հիմնական մեխն է, ինչի մասին խոսելը կարող է շատ լուրջ հետևանք ունենալ:
Նախորդող՝ Նախարարը հաստատում է` ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին հանձնելու շուրջ բանակցություններ կան (video)