«ՀայՌուսգազարդ»-ի 20%-ն էլ վաճառելը անկախության, ինքնիշխանության, անվտանգության լրջագույն խնդիր է. Դաշնակցական
«ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում ունեցած Հայաստանի կառավարության 20 տոկոս բաժնեմասը ռուսական «Գազպրոմ»-ին վաճառելը ԱԺ Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը համարում է, որ Հայաստանի տնտեսության մի ենթակառուցվածքն ամբողջությամբ հատկացվում է Ռուսաստանին:
«Նրանք, փաստորեն, դառնում են 100 տոկոսանոց թելադրող: Սա անկախության, ինքնիշխանության, անվտանգության լրջագույն խնդիր է», -այսօր Ազգային ժողովում 4 լրատվամիջոցների թղթակիցների հետ զրույցում հայտարարեց ԱԺ պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Բանակցություններ վարելը նորմալ է, բայց փաստն այն է, որ, ըստ պատգամավորի, բանակցությունների արդյունքում ոչ թե «մեր ինքնուրույնությունը, ինքնիշխանությունը աճում է, այլ նվազում»: «Այս պարագայում կա խնդիր այլընտրանքներ ունենալու: Նույնիսկ եթե վաղը Աստծո կամոք Հայաստանը ունենա այնքան հնարավորություններ, որ ինքը կարողանա որոշում կայացնել և նոր գազատար կառուցել Իրան-Հայաստան, արդյոք կկարողանա անել դա, թե չէ նախկին պայմանավորվածությունների շրջանակներում: Ես խիստ կասկածներ ունեմ», -հավելեց պատգամավորը:
Դաշնակցական պատգամավորի համար անհասկանալի է` կառավարությունը բարձրացնում է գազի գները, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատում այն, բայց «հոդաբաշխ» չի ասվում, թե որտեղի՞ց են սուբսիդավորելու խոստացված 30 տոկոսը: «Սխալ ժամանակագրություն է, որովհետև առանց խնդիրները լուծելու ու հասկանալու պրոցեսներ տանել ու այդպես էլ չհասկանալ և չասել, թե ինչպես են սուբսիդավորելու այդ 30 տոկոսը», -նկատեց Վարդանյանը:
Ավելի վաղ Արմեն Մովսիսյանը հաստատել էր ռուսական «Գազպրոմ» ընկերության հետ Հայաստանի կառավարության բանակցությունների մասին փաստը և ասել, որ բանակցություններն ընթանում են «ՀայՌուսգազարդ» ընկերության` կառավարության 20 տոկոս բաժնեմասերը գնելու շուրջ:
Նախորդող հրապարակում. Նախարարը հաստատում է` ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմ»-ին հանձնելու շուրջ բանակցություններ կան (տեսանյութ)
Ա. Մովսիսյան. Բանակցությունների նպատակն այն է, որ գազի գինը անփոփոխ մնա առաջիկա հինգ տարիների ընթացքում (տեսանյութով)