Տրանսպորտի գինը կթանկանա ավելի, քան 5 տոկոսն է
Հայաստանում տրանսպորտի սակագնի թանկացման հարցով նախարարությունը դիմում դեռևս չի ստացել: Այդ մասին այսօր Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին հայտարարեց Տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը:
Փոխնախարարի խոսքով, նախարարությունն այս պահին հաշվարկներ է կատարում, թե գազի գնի թանկացումը որքանով կանդրադառնա տրանսպորտի սակագնի վրա: Լրագրողներից մեկը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ մինչ օրս հաշվարկներ չեն կատարվել, իսկ Հրանտ Բեգլարյանը հարցով արձագանքեց. «Բայց մենք գիտեի՞նք գազն ինչքան է թանկանալու, ո՞նց պետք է հաշվարկ արվեր»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանն ավելի վաղ հայտարարել է, որ գազի գնի թանկացումը տրանսպորտի գնի վրա կարող է ազդել ընդամենը 5 տոկոսով: Նման եզրակացության, ըստ Նազարյանի, հանգել են հանձնաժողովի մասնագետները` համապատասխան հաշվարկների արդյունքում: «Կարծիքներ են հնչում, որ գազի բարձրացումով տրանսպորտի գինը մի քանի անգամով կբարձրանա, բայց մենք վերլուծություններ ենք արել, որի համաձայն` գազի բարձրացման ազդեցությունը գազալցակայաններում վաճառվող գազի վրա կլինի 5%: Իսկ թե ինչո՞ւ ավելի շատ կբարձրանա` խնդրում եմ դա մեր հետ չկապել»,- ասել էր Ռ.Նազարյանը:
Տրանսպորտի և կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, սակայն, այնքան էլ համամիտ չէ հանձնաժողովի հնչեցրած թվի հետ, նրա կարծիքով տրանսպորտի գինը կթանկանա ավելի, քան 5 տոկոսն է: «Ուղևորափոխադրումների հարցերը դա Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չի կարգավորում: Մրցույթի իրականացման կարգում նշված է` եթե վառելիքի կամ այլ պահեստամասերի զգալի թանկացում է լինում, ապա կարող է փոխադրողը դիմել, և մրցութային հանձնաժողովը պարտավոր է քննարկել այդ հարցը», -հավելեց փոխնախարարը: