«Փակ շուկան» կգործի աշնանը
Դեռևս երկու տարի առաջ «Փակ շուկայում» սկսած շինարարական աշխատանքն այս տարի կավարտվի: Արդեն տեղադրվել են ապակիները, կատարվում են տանիքի ամրապնդման աշխատանքներ: «Փակ շուկայում» տարվող աշխատանքների ղեկավար Լևոն Խաչատրյանը «Ժամանակ»-ի թղթակցին տեղեկացրել է, որ մոտ չորս ամսից արդեն շուկան պատրաստ կլինի շահագործման: Նա ասել, որ կատարվել են հիմքի ամրացման աշխատանքներ, փոխվել են պատուհանները, այժմ կառուցվում է ավտոկայանատեղին: Հարցին, թե ներսում տաղավարներ լինելո՞ւ են, պատասխանել է՝ այո, դրանք կլինեն թարմացված և ավելի հարմարավետ:
«Փակ շուկայի» տարածքի բնակիչ Ռազմիկ Դավթյանն էլ թերթի թղթակցին տեղեկացրել է, որ առաջ այս տարածքով անցնել չէր լինում, տարբեր հոտեր էին, առնետներ էին վխտում: Վերակառուցումը միակ ելքն էր, որը նաև մարդկանց կապահովի ավելի քան հազար աշխատատեղով: Մեկ այլ բնակիչ, ով աշխատել է «Փակ շուկայի» մսի բաժնում, ասել է, որ խավարասերներով, սարդոստայններով էր վխտում շուկան: Իրենք սառնարաններ էին գնել, որպեսզի միսը չդառնար առնետների բաժին: Նա այժմ սպասում է շուկայի բացվելուն, որ վերջապես ազատվի գործազրկությունից և շուկայում գործի անցնի: Թերթը նշում է, որ այս ամսվա 22-ին տարածքում ասֆալտապատման աշխատանքներ կիրականացվեն, իսկ նոր ավտոկայանատեղին ելքի ու մուտքի հնարավորություն կունենա ինչպես Մաշտոցի պողոտա, այնպես էլ Լեոյի փողոց: