Առանց հայերեն մակնշման, առանց սուպինատորի կոշիկներ վաճառքում. Խախտումներ՝ կոշիկի վաճառքի շուկայում
ՀՀ էկոնոմիկայի նախարարության Շուկայի վերահսկողության պետական տեսչության կողմից իրականացված ուսումնասիրությունների համաձայն` ինչպես ներկրված, այնպես էլ տեղական արտադրության կոշիկները շուկայում վաճառվում են մի շարք խախտումներով: Ամենատարածված խախտումներից են առանց հայերեն մակնշման, առանց սուպինատորի կոշիկների վաճառքը, կոշիկի հիմնական բաղադրիչների մասին տեղեկատվության բացակայությունը, ինպես նաև նշված չէ արտադրող երկիրը, իսկ եթե նշված է, ապա երբեմն դա չի համապատասխանում իրականությանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Շուկայի վերահսկողության պետական տեսչության պետ Լևոն Խալիկյանը նշեց, որ նախորդ ամիս տեսչությունը ստուգումներ է իրականացրել կոշկեղենի վաճառքով զբաղվող 5 խանութներում և մի շարք խախտումներ է հայտնաբերել դրանցից 4-ում: Մասնավորապես, խանութներում վաճառվող կոշկեղենը հայերեն մակնշված չի եղել, վաճառողները սպառողներին համապատասխան տեղեկատվություն չեն տրամադրել և այլն: Ըստ տեսչության պետի` բոլոր տնտեսվարողները տուգանվել են, իսկ մեկը` նախազգուշացվել՝ առկա խախտումը վերացնելու պայմանով:
Լ.Խալիկյանը հայտնեց, որ եթե նախկինում ներմուծված ապրանքը սահմանին էր պարտադիր սերտիֆիկացվում, ապա այսօր, տնտեսվարողների բեռը թեթևացնելու նպատակով օրենքը փոխվել է, և սերտիֆիկացումը դարձել է պարտադիր վաճառքի փուլում: «Թեև կոշկիկը պարտադիր սերտիֆիկացման ապրանքների ցանկում չի գտնվում, սակայն այն պարտադիր պետք է ունենա հայերեն մակնշում, պետք է նշված լինի` ինչ նյութից է այն պատրաստված, մեջը սուպինատոր կա, թե ոչ: Եվ այդ ամենը տեսնելուց հետո միայն սպառողը պետք է կողմնորոշվի` գնել տվյալ կոշիկը, թե ոչ»,- ասաց տեսչության պետը:
Ըստ Լ.Խալիկյանի` մարդու կյանքի և առողջության համար վտանգ ներկայացնող ցանկացած ապրանքի նկատմամբ վերահսկողության առումով տեսչությունը խիստ մոտեցում է ցուցաբերում: Սակայն, ինչպես նշեց տեսության պետը, մինչ օրս վտանգավոր նյութերից պատրաստված կոշիկների վերաբերյալ որևէ բողոք չեն ստացել: Նա ասաց, որ անցած տարի ստացել են մի քանի բողոք` անորակ կոշիկների հետ կապված:
Տեսչության պետը սպառողներին կոչ արեց տեր կանգնել իրենց իրավունքներին և ցանկացած խախտում հայտնաբերելու դեպքում զանգահարել տեսչության թեժ-գիծ` 23-56-00 հեռախոսահամարով: «Մենք միշտ պատրաստ ենք արձագանքել յուրաքանչյուր սպառողի բողոքին»,- ընդգծեց նա: Միաժամանակ Լ.Խալիկյանը նկատեց, որ վերջին շրջանում բողոքները նվազել են: «ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ այսօր թե սպառողները, թե տնտեսվարողները տեղյակ են իրենց իրավունքների մասին: Սպառողներն արդեն գիտեն` ում դիմեն և ինչ պահանջներ ներկայացնեն»,- ընդգծեց նա:
Անդրադանալով մանկական կոշիկներին Լ.Խալիկյանը նշեց, որ այստեղ վերահսկողությունն ավելի խիստ է: Խախտում նկատելու դեպքում տեսչության մասնագետները փորձանմուշն անմիջապես հանձնում են լաբորատոր փորձաքննության, որի արդյունքում պարզ է դառնում` ինչ նյութից է պատրաստված տվյալ կոշիկը և ինչ վտանգ այն կարող է իրենից ներկայացնել: «Մանկական կոշիկների դեպքում ամեն ինչ ուսումնասիրվում է` սկսած հոտից, գույնից, նույնիսկ ձայնն է ստուգվում, քանի որ բարձր ձայնը երեխայի հոգեկանի վրա կարող է բացասական ազդեցություն ունենալ»,- նշեց Լ. Խալիկյանը: Այդ ամենը հաշվի առնելով, տեսչության պետը սպառողներին հորդորեց օգտվել մասնագիտացված խանութներից: «Բնական է, որ սոցիալական խնդիրներից ելնելով մարդիկ նախընտրում են գնել էժան կոշիկներ, բայց երեխայի համար չպետք է ոչինչ խնայել, թող լինի մեկը, բայց որակով: Իսկ եթե կասկած ունեն, որ նաև տվյալ խանութներում վաճառվող մանկական կոշիկը չի համապատասխանում կանոններին, ապա անմիջապես պետք է զանգահարեն թեժ-գիծ, որպեսզի տվյալ կոշիկը փորձաքննության ուղարկենք»,- ասաց նա:
Հարցին, իսկ թե ինչ է նախատեսվում եվրոպական արտադրության կոշիկի անվան տակ տեղական արտադրության կոշիկ վաճառող տնտեսվարողին, Լ.Խալիկյանն ասաց, որ այդ դեպքում կիրառվում է վարչական տուգանք, ինչպես նաև կասեցվում է տնտեսվարողի գործունեությունը, քանի որ նա սպառողին կեղծ տեղեկատվություն է տրամադրել:
Նշենք, որ Հայաստան կոշիկներ հիմնականում ներկրվում են Դուբայից, Չինաստանից, Թուրքիայից և եվրոպական որոշ երկրներից:
Ինչ վերաբերում է սպառողների իրավունքներին, ապա սպառողների շրջանում անցկացրած փոքրիկ հարցումները ցույց տվեցին, որ նրանց մեծ մասը տեղյակ չէ իր իրավունքների մասին: Մասնավորապես, սպառողները չգիտեին, որ կոշիկների վրա պետք է լինի հայերեն մակնշում, կամ` սպառողը իրավունք ունի վաճառողից սերտիֆիկատ պահանջել և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա