ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան. Աշխարհում հայերից ավելի երաժշտաստեր ու երգասեր ազգ չկա
Հունիսի 21-ին արդեն 32-րդ տարին անընդմեջ նշվում է Երաժշտության տոնը: Այս տարի այն նվիրված է Էդիտ Պիաֆի երգարվեստին՝ վերջինիս մահվան 50-րդ տարելիցի կապակցությամբ: Տոնն արդեն 6-րդ տարին է նշվում է նաև Հայաստանում:
Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն բնական համարեց այն փաստը, որ Հայաստանը չէր կարող մասնակից չլիներ այս տոնին. «Աշխարհում հայերից ավելի երաժշտաստեր ու երգասեր ազգ չկա»:
Ըստ դեսպանի, սա հայերի ու ֆրանսիացիների միջև եղած ընդհանուր գծերից մեկն է: Ա. Ռենոյի համոզմամբ, Շառլ Ազնավուրից ավելի լավ ոչ ոք ի զորու չէ մարմնավորել հայերի ու ֆրանսիացիների մոտ առկա այդ հակումը դեպի երգը: Այս տարի տոնը Հայաստանում անցկացվելու է «Հայերը երաժիշտներ» խորագրով:
Ասուլիսին ներկա մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն ասաց, որ Երևանում մի քանի հարթակներում է կազմակերվելու տոնական միջոցառումներ, այդ թվում նաև Հաղթանակի զբոսայգում, ինչպես նաև մարզերում:
Ըստ նրա, տոնը տարեցտարի ընդլայնվում է, հնարավորություն է ընձեռում սիրողական կատարողներին ցուցադրել իրենց կարողությունները:
Այս տարի Ֆրանսիայի դեսպանության տարածքում տեղի կունենա սկսնակ և սիրողական կատարողների համերգ: Ա. Ռենոն ասաց, որ համերգին մասնակցելու է 25-30 սիրողական մակարդակի երաժիշտներ, երգիչներ:
Նշենք, որ 2010 թվականից ի վեր Երաժշտության տոնի պաշտոնական գործընկերն է Orange ընկերությունը: «Օրանժ Արմենիայի» գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերն ասաց, որ իրենց ընկերությունը մեծապես աջակցություն է ցուցաբերում մշակութային ծրագրերին ու առաջիկայում էլ կշարունակի աջակցել:
Երաժշտության տոնը սկիզբ է առել 1982թ. հունիսի 21-ին Ֆրանսիայի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ : Այն այսօր համաշխարհային մեծության առաջին երաժշտական միջոցառումն է և տոնվում է աշխարհի ավելի քան 110 երկրներում և 430 քաղաքներում: 2007 թվականից ի վեր այն տոնվում է նաև Հայաստանում, իսկ 2009-ից նաև մարզերում: