Վարչապետը` նախարարներին. «Դուք պարտավոր եք պատասխանել ՎՊ-ի մեղադրանքներին. կամ հերքեք, կամ կրեք պատասխանատվություն»
ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանդես եկավ քաղաքական հայտարարությամբ: Նախ ասաց, որ ինքն անձամբ խիստ շահագրգռած է, որպեսզի բոլոր այն բացահայտումները, ինչի մասին խոսում է Վերահսկիչ պալատը, անհապաղ ներկայացվեն իրավապահ մարմիններին և տրվեն պատասխաններ:
«Ես ամեն ինչ անելու եմ, որ հրապարակային հնչած մեղադրանքները ստանան պատասխան: Ես ամբողջությամբ կիսում եմ ԱԺ նախագահի տեսակետը այն մասին, որ պետական բյուջեի միջոցները երբևիցե մսխած պաշտոնական անձինք պետք է կրեն խիստ պատիժ»,- ասաց վարչապետը:
Տ.Սարգսյանը նշեց նաև, որ Վերահսկիչ պալատը խիստ մասնագիտացած կառույց է, և ինքը կիսում է պատգամավորների այն տեսակետը, որ անհրաժեշտ է օրենսդրությամբ հստակ նկարագրել այն պրոցեդուրաները, թե ինչպես են ներկայացվում ՎՊ-ի հաշվետվությունները ԱԺ-ում:
«Վերահսիչ պալատը իրավունք չունի հանդես գալու քաղաքական հայտարարություններով, այն պարտավոր է ներկայացնել միայն ու միայն մասնագիտական եզրակացություններ, իսկ քաղաքական գնահատականներ տալը ԱԺ-ի և գործադիր իշխանության ֆունկցիաներն են»,- հայտարարեց Տ.Սարգսյանը:
Ըստ նրա` կառավարության նիստերի դահլիճում նախարարները ներկայացրել են իրենց ղեկավարած կառույցների հաշվետվությունները ՎՊ-ի կողմից ներկայացված նյութերի վերաբերյալ, և շնորհակալություն են հայտնել ՎՊ-ին համատեղ աշխատանքի համար, մինչդեռ այն ինչ տեղի ունեցավ ԱԺ-ում, ըստ վարչապետի, ոչ մի կապ չուներ այն նյութերի հետ, որոնք գտնվում էին կառավարության ուշադրության կենտրոնում:
«Այն հայտարարությունը, որ պետական բյուջեի 70%-ը խիստ ռիսկային է և կոռումպացված ձևով է ծախսվում` վերաբերում է այս դահլիճում նստած յուրաքանչյուրիդ: Այն, որ պետական բյուջեի 70%-ը` 700 մլրդ դրամը, բոլոր ոլորտներում համատարած մսխվում է, չի կարող համապատասխանել իրականությանը»,- ընդգծեց վարչապետը:
Այնուհետև վարչապետը բոլոր նախարարներին հանձնարարեց և պահանջեց, որ վերջիններիս հասցեին հնչած որևէ մեղադրանք անպատասխան չմնա: «Դուք պարտավոր եք պատասխանել այդ մեղադրանքներին կամ հերքել: Պատրաստեք նյութեր և ներկայացրեք դատախազություն կամ պատասխանեք, որ այդ մեղադրանքերը ճիշտ են և կրեք պատասխանատվություն»,- հայտարարեց Տ.Սարգսյանը: