Պռոշյանում ընտրական թեժ վիճակ է սպասվում. Մտադիր է առաջադրվել ՀՀԿ-ական նախկին թեկնածուն
Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում, հուլիսի 14-ին կայանալիք գյուղապետի արտահերթ ընտրություններին թեժ իրավիճակ է սպասվում. Առաջադրվելու մտադրություն այս պահին ունեն 4 թեկնածուներ: Մասնավորապես, ընտրություններում թեկնածությունն առաջադրելու համար ոստիկանության անձնագրային բաժնից Հայաստանում վեց տարվա բնակության մասին անհրաժեշտ տեղեկանք են վերցրել 4 մարդ, որոնց թվում են հիմնական թեկնածու, նախկին գյուղապետի տեղակալ Վովա Սահակյանը և դեռ նախորդ ընտրություններում առաջադրված ու չհաղթած ՀՀԿ-ական Արթուր Մուրադյանը:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում Վովա Սահակյանն ասաց, որ մինչև հունիսի 22-ը կստանա Հայաստանում վերջին վեց ամսվա ընթացքում իր բնակության մասին հաստատող տեղեկանքը և կհասցնի առաջադրվել գյուղապետի ընտրություններում: Նշենք, որ առաջադրումների ժամկետն արդեն սկսվել է` հունիսի 19-ից 23-ն է լինելու:
Վովա Սահակյանն ասաց, որ ինքն ինքնաառաջադրվելու է, բայց իրեն պաշտպանելու է Հ. Յ. Դաշնակցություն կուսակցությունը: Նա դեռևս վաղ համարեց գնահատել իրավիճակը. «Դիմել են տեղեկանք ստանալու, բայց դա չի նշանակում, որ առաջադրվելու են»:
Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Պռոշյանի նախկին գյուղապետ Հրաչ Մուրադյանը սպանվել էր ապրիլի 2-ին հենց գյուղապետարանի դիմաց: Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հրամանով գյուղապետի պաշտոնակատար էր նշանակվել պռոշյանցի Արմենուհի Մելքոնյանը, ով նաև գյուղի դպրոցի կառավարման խորհրդի անդամ է: Սակայն պռոշյանցիները նրան թույլ չտվեցին մուտք գործել գյուղապետարան, և նա ստիպված հրաժարական տվեց:
Նախորդող հրապարակումներ. Պռոշյան vs Կովալենկո Շահգալդյան. Պռոշյանում առճակատումը շարունակվում է
Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատարը հրաժարական է տալիս