Թուրքիայում ցույցերն ու բախումները չեն դադարում
Ինչպես տեղեկացնում է «Ermenihaber.am»-ը, վկայակոչելով թուրքական աղբյուրներ, Ստամբուլի Գեզի զբոսայգուց ցուցարարներին բռնի ուժով վտարելուց հետո էլի շարունակվում են ցուցարարների բողոքի միջոցառումները: Իզմիրում, Մերսինում, Անկարայում կրկին արձանագրվել են բախումներ քաղաքացիների և ոստիկանական ուժերի միջև: Գեզիից հետո ոստիկանությունը փորձում է ուժի գործադրմամբ ցրել ցույցերը նաև այլ քաղաքներում` քանդելով հրապարակներում դիրքավորված ցուցարարների վրանները:
Մերսին քաղաքում ոստիկանությունը կեսգիշերն անց հարձակվել է Խաղաղության հրապարակում հավաքված ցուցարարների վրա: Անվտանգության ուժերը ցուցարարներին տվել են 20 րոպե` «ապօրինի գործողությունները դադարեցնելու, տեղադրված վրանները հանելու» համար: Ժամանակը լրանալուց անմիջապես հետո ջրցան մեքենաների ուղեկցությամբ գիշերը ժամը 2:30-ի սահմաններում ուժայինները հարձակվել և քանդել էին տեղադրված վրանները, առգրավել ցուցապաստառները:
Իզմիրում նույնպես ոստիկանությունը գործել է նույն ոճով. նախապես զգուշացրել է ցուցարարներին, ապա անցել հարձակման: Գործողության նպատակն է եղել քանդել տեղադրված վրանները և առգրավել դրանք: Դիմադրություն ցույց տված ցուցարարներից 34-ը կալանավորվել են:
Իսկ մայրաքաղաք Անկարայում ոստիկանությունը բողոքի ակցիաներին միջամտել է` արցունքաբեր գազ կիրառելով: Այդ ընթացքում ձերբակալվել է մի կին, ով փորձել է խոչընդոտել ջրցան մեքենայի առաջխաղացումը` կանգելով է դրա դեմ:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 6 զոհ: