Չարենցավանցիները քննարկում են, թե ինչն է առաջնային` մանկապարտեզի ջեռուցման խնդիրը, թե վերելակներ տեղադրելը
Չարենցավանի թիվ 5 միջնակարգ դպրոցի դահլիճում այս պահին այնպիսի աղմուկ է, որ կարծես, տոնական օրվա տոնավաճառ լինի: Սակայն այստեղ չարենցավանցիները ավելի կարևոր գործով են զբաղված` կազմակերպվել է համահամայնքային քննարկում, որի շրջանակում չարենցավանցիներին առաջարկվել է քաղաքի առաջնահերթ խնդիրների լուծման մի քանի սցենար և նրանք պետք է որոշեն, թե որ սցենարն է ամենաառաջնայինը ու հաջորդիվ նաև պետք է դրա համար ֆինանսավորման ճանապարհ գտնվի: Աղմուկն էլ նրանից է, որ քննարկումն անցնում է բավականին ակտիվ մթնոլորտում:
Ինչպես ավանդաբար արվում է «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքների խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագրի շրջանակում կազմակերպվող նմանատիպ համահամայնքային քննարկումների ժամանակ, չարեցնավացիներին, որոնք բաժանվել են խմբերի, բաժանվել են առաջնային ծրագրի հինգ սցենար: Դրանք են` Երիտասարդական փողոցի բարեկարգում, թիվ 6 մանկապարտեզի կոյուղագծերի վերանորոգում, Բազմաբնակարան շենքերի վերելակների հիմնանորոգում, շքամուտքերի հիմնանորոգում, Չարենցավանի քաղաքապետարանի տանիքի և սանհանգույցների վերանորոգում և 5-րդ սցենարը` բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգում:
Առաջին սցենարով` Երիտասարդական փողոցի բարեկարգում, համայնքի 2014թ-ի բյուջեում հնարավորություն է ստեղծվել հատկացնել շուրջ 8 մլն դրամ փողոցի ամբողջական փոսային նորոգման համար: Մասնավորապես, նախատեսվում է վերանորոգել շուրջ 500 քմ ընդհանուր մակերեսով փոսեր, հիմնանորոգել մայթն ու եզրաքարերը: Սցենարի ներկայացումից հետո բոլոր խմբերին տրվեց հարց` արդյոք խնդիրն իսկապես առաջնային լուծման կարիք ունի՞ և հավելյալ ֆինանսավորման ուղղման անհրաժեշտություն կա՞:
Պարզվեց, որ այս հարցը լուրջ տարակարծություն ի հայտ բերեց: Շատերը պնդում էին, որ դա իսկապես կարևոր խնդիր է, քանի որ փողոցում են տեղակայված եկեղեցին ու հիվանդանոցը` փոքր քաղաքի պարագայում երկուսն էլ կարևոր օբյեկտ են: Հնչեցին նաև կարծիքներ, թե` «Ավելի լավ է հիմնովին կառուցեն փողոցը, քան ամեն տարի «կարկատաններ» արվեն», «եթե Երիտասարդական փողոցը կարգի բերվի, ապա կնվազի այլ փողոցների ծանրաբեռնվածությունը»:
Իսկ ամենակարևորը` փողոցի վերջում տեղակայված է քաղաքային հիվանդանոցը, որին «հասնելը նման ճանապարհով դժվարանում է, «շտապ օգնության» մեքենաները չեն հասնում հիվանդներին»: Վերջին դիտարկումը սեղաններից մեկի շուրջ իսկական փոթորիկ առաջացրեց` չարենցավանցիները փողոցի անբարեկարգ լինելու խնդրից անմիջապես անցում կատարեցին առողջապահական խնդիրներին ու եկան այն եզրակացության, որ ոչ Չարենցավանի հիվանդանոցն է հիվանդանոց, ոչ «շտապ օգնությունն է» շտապ օգնություն և վերջապես` «շտապ օգնության» մեքենաները պիտի լավը լինեն, որ կարողանան անգամ հայելի ասֆալտապատ փողոցով հասնեն հիվանդներին:
Երկրորդ սցենարը թիվ 6 մանկապարտեզի կոյուղագծերի վերանորոգմանն էր վերաբերում: Դարձյալ 2014թ-ի համայնքային բյուջեով այս խնդրի լուծման համար հատկացվելու է շուրջ 3 մլն դրամ, սակայն անհրաժեշտ է հավելյալ ֆինանսավորում, որպեսզի ամբողջապես հիմնանորոգվի մանկապարտեզն ու տեղադրվի նաև ջեռուցման սեփական համակարգ: Պարզվեց, որ մանկապարտեզում երեխաների թվաքանակը բավականին մեծ է, սակայն ձմռան ամիսներին, քանի որ հաստատությունը ջեռուցման խնդիր ունի, երեխաները ստիպված նստում են տանը:
Խնդիրը քննարկվեց ու կարծես թե բոլոր սեղաններից եղավ նույն պատասխանը` Չարենցավանում ավելի լուրջ խնդիրներ կան, որ իրենց առաջնահերթությամբ ետևում են թողնում այս մեկը:
Խնդրահարույց էր նաև երրորդ սցենարը` բազմաբնակարան շենքերի մասով: Հաջորդ տարի բյուջեից նախատեսվում է հատկացնել 18 մլն դրամ միայն չորս շենքում վերելակներ տեղադրելու համար և 20 շենքերի շքամուտքերը վերանորոգելու համար, բայց սրանով ողջ ծավալը չի փակվում: Այս սցենարի քննարկումը լուրջ դժգոհություն առաջ քաշեց համատիրություններից` «բնակիչները շենքի շքամուտքերը վերանորոգում են սեփական միջոցներով», «մարդիկ հոգնել են սեփական միջոցներով լամպչկաներ առնել, որոնք անընդհատ գողանում են: Հենա, ամենքը բջջային ունի, որ լուսավորում է իր ճանապարհը» և նմանատիպ կարծիքներ հնչեցին: Բացի այս հնչեց նաև հետևյալը` եթե 18 մլն գումարով կարելի է լուծել և Երիտասարդական փողոցի բարեկարգման խնդիրը, և մանկապարտեզինը, ապա ինչո՞ւ այդ գումարը տալ միայն չորս շենքի վերելակի համար. «Մանկապարտեզի շենքի վերանորոգումը շատ կարևոր է, երեխաները ձմռանը տանն են մնում: Ավելի լավ է մանկապարտեզի հարցը լուծենք, քանի դուռ դնենք, որ էլի կգողանան»,- հայտնեց մի կին, ում խոսքով, ինքը անցած ձմեռ կանգնել էր խնդրի առաջ, քանի որ երեխան ստիպված արձակուրդ էր, ինքն էլ այդ պատճառով աշխատանքը կորցրեց` երեխային պահող չկար:
Նշենք, որ քննարկումը կազմակերպվել է «Կանայք տեղական ժողովրդավարական գործընթացներում» եռամյա ծրագրի շրջանակում իրականացվող «Մասնակցային, պատասխանատու և գենդերային հավասարության սկզբունքների խարսխված կառավարման վերաբերյալ տեղական իշխանությունների կարողությունների ու գիտելիքների զարգացում» ծրագրի շրջանակում:
Վերջինս իրականացվում է Միավորված ազգերի կազմակերպության կողմից, ֆինանսավորվում է` Եվրոպական միության կողմից, ազգային գործընկերներն են` ՀՀ Արտաքին գործերի նախարարությունն ու ՀՀ Տարածքային կառավարման նախարարությունը:
Ծրագրի իրականացնող տեղական գործընկերներն են` Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը, «Համալսարանական կրթությամբ կանանց ասոցիացիա» հկ-ն և «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիան» (APRA):
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին