«Ոսկե ծիրան». ՀՀ-ում օտարերկրյա դեսպանատների աջակցությամբ են իրականացվում որոշ ծրագրեր
«Ոսկե ծիրան» Երևանի 10-րդ միջազգային կինոփառատոնին ավանդաբար աջակից են ՀՀ-ում օտարերկրյա դեսպանությունները: Մասնավորաբար, ծրագրի որոշ մասը հնարավոր եղավ իրականացնել ՀՀ-ում ԱՄՆ, Գերմանիայի, Ֆրանսիայի և Լեհաստանի դեսպանությունների աջակցությամբ: Այս մասին ասուլիսում հայտարարեց «Ոսկե ծիրան» փառատոնի գեղարվեստական ղեկավար Սուսաննա Հարությունյանը:
Ֆրանսիական համագործակցության էպիկենտրոնը լեգենդար շանսոնիեի` Շառլ Ազնավուրի ներկայությունն է փառատոնին և նրա դերակատարմամբ ֆիլմերի` Ֆրանսուա Տրյուֆոյի «Կրակել դաշնակահարի վրա», Դընիս դը լա Պատելյիեի «Թոբրուկ գնացող տաքսին» և Ատոմ Էգոյանի «Արարատ» ֆիլմերի ներկայացումը հետահայաց ցուցադրություններ ծրագրում:
Ս. Հարությունյանը նշեց, որ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր դարձավ ապահովել ֆրանսիացի մի շարք անվանի կինոգործիչների մասնակցությունը փառատոնին: Մասնավորաբար, որպես ժյուրիի կազմի անդամ ներկա կլինեն ֆրանսահայ ճանաչված կինոգործիչ Սերժ Ավետիքյանը (միջազգային խաղարկային մրցույթ), ֆրանսիացի անվանի կինոքննադատ Ժան Ռադվանին (Հայկական համայնապատկեր մրցույթ) և պրոդյուսեր Էդիտա Յանչակ-Հիրիարտը (կարճամետրաժ ֆիլմերի մրցույթ): Ֆրանսիական արտադրության «Երկու հոգու միջև» վավերագրականը կներկայացնի ֆիլմի հեղինակը` Լորանս Պերիգոն: Մրցութային ծրագրում ընդգրկված են նաև ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված «Տարվա հինգերորդ եղանակը» խաղարկայինը, «Լևիաթան» վավերագրականը, «Փետուրի խրոնիկա» կարճամետրաժը, որը կներկայացնի ռեժիսորը` Աքսել Լաթնադան, իսկ ֆրանսահայ ռեժիսորներ Առնո Խայաջանյանի «Կորած հորիզոնները» և Արտո Փեհլիվանյանի «Վ…, այսինքն` Վեռնյոյ» ֆիլմերը կներկայացվեն Հայկական համայնապատկերում: Արտամրցութային ծրագրի Հետահայաց ցուցադրություններ բաժնում կներկայացվի Ուլրիխ Զայդլի ֆրանսիական համատեղ արտադրությամբ ստեղծված եռապատումը:
Լեհաստանի դեսպանության և Լեհաստանի կինոինստիտուտի հետ համատեղ համագործակցությամբ հուլիսի 8-ին կիրականացվի լեհական կինոյի օրը: Կցուցադրվի Անտոնի Կրաուզեի «Սև հինգշաբթի» խաղարկայինը: Մաչեյ Ադամեկը կմասնակցի փառատոնին և կներկայացնի իր «Լուսանկարը» ֆիլմը, որ ընդգրկված է միջազգային խաղարկային ծրագրում: Կորդիան Կոնջելյայի «Թո՚ւհ »(Boo!), Կրիստոֆեր Ռուֆի «The Big Leap» և Լուկաշ Օստալսկու «Մայրը» կարճամետրաժները կմրցեն «Կորիզ» անվանակարգում: Լեհական համագործակցության շրջանակներում փառատոնին կհյուրընկալվի հռչակավոր կինոռեժիսոր Քշիշտոֆ Զանուսին:
Գերմանիայի դեսպանության և Թբիլիսիի Գյոթե ինստիտուտի հետ համագործակցությամբ փառատոնի ծրագրում` հուլիսի 9-ին, տեղի կունենա գերմանական կինոյի օր, որ կնշանավորվի Մարգարետ ֆոն Տրոտտայի «Հաննա Արենդտ» (Hannah Arendt) ֆիլմի ցուցադրությամբ և ֆոն Տրոտտային` համաշխարհային կինոյում ունեցած վաստակի համար «Փարաջանովյան թալեր» մրցանակի հանձնումով: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում կներկայացվեն Միկի Նեդիմովիչի «Dva», Էրիկ Շմիդթի «Rhino Full Throttle», Էլմար Իմանովի «The Swing of the Coffin Maker» գերմանական արտադրության, Էնգին Կունդակի «Արարատ» թուրք-գերմանական ու Էլկա Պապիաշվիլու «Աղջիկը Գորիից » գերմանա-վրացական համատեղ արտադրությունները:
Գյոթե ինստիտուտի աջակցությամբ հնարավոր է դարձել նաև մի քանի գերմանացի պրոդյուսերների մասնակցության ապահովումը «Ռեժիսորներ առանց սահմանների» 7-րդ համատեղ արտադրության ֆորումին, ինչը հնարավորություն կտա տարածաշրջանային սկսնակ կինոգործիչներին խորհրդատվություն ստանալ իրենց կինոնախագծերի զարգացման համար: Իսկ «Ֆիլմեր առանց սահմանների» ծրագրում կներկայացվեն գերմանական համատեղ արտադրությամբ ստեղծված ֆիլմեր:
ԱՄՆ դեսպանության հետ համագործակցության արդյունքում է, որ հնարավոր է դարձել ամերիկացի հռչակավոր կինոռեժիսոր Գոդֆրի Ռեջիոյի հյուրընկալությունը փառատոնին, ով նաև համաձայնել է վարպետության դաս անցկացնել Երևանում:
ԱՄՆ դեսպանությունը մասնակիորեն ֆինանսավորել է նաև Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի (ՀՊՖՆ) իրականացումը: ԱՄՆ կինոգործիչներ Ջեյ Վայսբերգը և Դեյվիդ դ՚Արսին կընդգրկվեն համապատասխանաբար միջազգային խաղարկային և Հայկական համայնապատկեր մրցույթների ժյուրիի կազմերում: Մրցութային ծրագրի համապատասխան բաժիններում կներկայացվեն ամերիկյան արտադրության Սթիվ Հուվերի «Արյունակից եղբայրը» վավերագրական, Լիսան Սարտորի «Six Letter Word» կարճամետրաժ և Ալեքսանդր Տավիտիան-Միրեցկու «All Together Now » խաղարկայինը ֆիլմերը
«Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնն իրականացվում է ՀՀ Մշակույթի նախարարության աջակցությամբ: Փառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍել-ՄՏՍ ընկերությունը:
Հիշեցնենք, որ «Ոսկե ծիրան» երևանյան միջազգային 10-րդ կինոփառատոնը կայանալու է հուլիսի 7- 14-ը: Փառատոնի ծրագրում ընդգրկվել է 200 ֆիլմ, որից շուրջ 90-ը՝ մրցութային ծրագրում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան