Կարեն Վարդանյան. ՏՏ-ի արտադրանքի 40%-ն արդեն սպառվում է ներքին շուկայում
Վերջին 6 տարիների ընթացքում Հայաստանում որակապես ու էականորեն փոխվել է տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը բիզնեսում: Այս մասին այսօր «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումի պաշտոնական բացմանը հայտարարեց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Նրա խոսքերով` եթե 6 տարի առաջ տեղեկատվական տեխնոլոգիաների արտադրանքի 80%-ն էր արտահանվում, իսկ 20%-ը սպառվում էր ներքին շուկայում, ապա այսօր արդեն արտահանվում է շուրջ 60%-ը, իսկ 40%-ը սպառվում է ներքին շուկայում
Կ.Վարդանյանը նշեց, որ այս տարի ԴիջիԹեք Բիզնես Ֆորումին մասնակցում և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացնում են 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան:
Նշենք, որ ֆորումին գործարար համայնքը հնարավորություն կունենա ծանոթանալ հետևյալ տեխնոլոգիական լուծումներին` տրանսպորտային հոսքերի կառավարման համակարգեր, ձեռնարկությունների և հաճախորդների կառավարման համակարգեր, call կենտրոններ և հեռախոսային նորագույն լուծումներ, կոմունալ վճարումների իրականացման համակարգեր, դրամարկղի միջոցով իրականացված գործարքների գրանցման համակարգեր, 3D համակարգեր, ինչպես նաև պետական գործակալությունների կողմից ներկայացվող էլեկտրոնային ծառայությունները և այլն: