Դասախոս. Խորհրդային շրջանում մայրենի լեզվին ավելի մեծ տեղ էր տրվում, քան այժմ
Մենք այսօր ընթերցող դաստիարակելու կարիք ունենք: Panorama.am-ի հետ զրույցում նման դիտարկում արեց Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի դասախոս, «Այբբենարան» ու «Մայրենի լեզու» դասագրքերի համահեղինակ Լիլիթ Տեր –Գրիգորյանը: «Մենք պետք է երեխաներին սովորեցնենք ինչ կարդալ, ինչպես կարդալ: Դա լուրջ գործընթաց է, որը պետք է սկսվի դեռ նախադպրոցական տարիքում ու ամեն փուլում կա անելիք: Մենք զուր ենք պահանջում, որ երիտասարդներն ունենան անհրաժեշտ որակներ, քանի որ փոքր հասակից չեն ձևավորվել այդ որակները, դրանք պետք է կաթիլ առ կաթիլ ձևավորվեն»,- ասաց նա:
Լիլիթ Տեր –Գրիգորյանը բացասական գնահատեց այն փաստը, որ այսօր դպրոցներում քիչ դասաժամ է հատկացվում մայրենի լեզվին: Նա համեմատական անցկացրեց խորհրդային շրջանում մայրենի լեզվի դասաժամերի ու այսօրվա միջև` նկատելով. «Խորհրդային շրջանում թեև ինքնուրույն չէինք, բայց ազգային լեզվին ավելի մեծ տեղ էր տրվում, քան այժմ»: Ըստ նրա, հենց մայրենիի միջոցով են երեխաները հաղորդակից դառնում ցանկացած այլ գիտելիքին, աշխարհին ու մշակույթին:
Դասախոսն ընդգծեց, որ մայրենիի ուսուցման մակարդակը պետք է բավական բարձր լինի, եթե ուզում են ընթերցող ու գիտելիքներով հարուստ սերունդ դաստիարակել: Լիլիթ Տեր-Գրիգորյանի կարծիքով, այսօր մեծ տեղ է հատկացվում դրսից բերված ծրագրերին. «Օտարներից ներմուծում ենք պակաս կարևոր առարկաներ ու մտցնում դպրոց մայրենիի հաշվին, մինչդեռ մայրենիի դասավանդման ընթացքում բազմաթիվ կարողություններ, խոսքի արժեքային համակարգն է ձևավորվում, երեխան հայտնվում է համապատասխան արժեքային դաշտում, գիտակցում է թե որն է լավը, որը վատը, տարրականում պետք է ձևավորվեն այն որակները, որ երեխան միջին դպրոցում պատրաստ լինի ուսումնասիրել բազմաթիվ գիտություններ»:
Լ. Տեր-Գրիգորյանն ասաց, որ այս խնդիրը պետք է բարձրացվի ղեկավարության առաջ:
Ինչ վերաբերում է մայրենիի դասագրքերին, ըստ դասախոսի, կարևոր է գեղարվեստական գրականության նկատմամբ ճաշակ ձևավորելու տեսանկյունից. «Երեխաները պետք է լավ երաժշտություն լսեն, որ ճանաչեն լավը, տարբերեն անճաշակը: Նույնը գրականությանն է վերաբերում: Պետք է յուրաքանչյուր տարիքային խմբի համար համապատասխան գրականության առաջարկվի»:
«Եթե հասարակությունը քաղաքակիրթ է, ունի բարձր արժեքային համակարգ, մարդիկ բարի են լինում, հեշտ է լինում ապրելը: Դասական երաժշտությունը, գրականությունը ազնիվացնուն են մարդուն»,- ասաց Լ. Տեր-Գրիգորյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա