Ադրբեջանցի քաղաքագետ. Միջազգային հանրությունը համակարծիք չէ Ալիևի` նախագահական ընտրություններում առաջադրման հարցում
Միջազգային հանրությունը համակարծիք չէ Ադրբեջանի Նախագահ Իլհամ Ալիևի` նախագահական ընտրություններում թվով երրորդ անգամ անընդմեջ առաջադրման հարցում: Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների հետ` հունիսի 19-ին կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանցի քաղաքագետ, «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն:
Նշենք, որ հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը և Ադրբեջանական ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը, Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունների աջակցությամբ, իրականացնում են ««Մյուս կողմի» վերաբերյալ գիտելիքների ընդլայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահություն հաստատում» խորագիրը կրող նախագիծ: Հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
«Ալիևի երրորդ ժամկետի վերաբերյալ իրադրությունը բարդ է և բավականին իրարամերժ : Որևէ ենթադրություն անելը բավական դժվար է: Այնուամենայնիվ` ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության նկատմամբ իշխանությունների կիրառած ճնշումը հիմք է տալիս կարծելու, որ իրավիճակը շատ ավելի բարդ է, քան մենք կարծում ենք: Ես ինքս կարծում եմ, որ միջազգային մակարդակում կան բավականին լուրջ տարաձայնություններ և հենց դա է դրդում Ադրբեջանի իշխանություններին երկրի ներսում շատ ավելի մեծ չափերի ամենաթողության»,- նշել է Արաստուն Օրուջլուն:
Նշենք, որ Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցությունը հունիսի 7-ին կայացած կուսակցության համագումարում որոշում է կայացրել հոկտեմբերին կայանալիք նախագահական ընտրություններին երրրորդ անգամ առաջադրել երկրի գործող նախագահ Իլհամ Ալիևի թեկնածությունը:
Հատկանշական է, որ ամենատարբեր հաշվարկներով Ադրբեջանական բանտերում կա ավելի քան 80 քաղբանտարկյալ: Իր հերթին «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը 2012թ. Կենտրոնական Եվրոպայի և Եվրասիայի 29 երկրներում (նախկին սոցիալիստական ճամբարի երկրները) ժողովրդավարության զարգացման միտումներին նվիրված «Անցումային շրջանում գտնվող պետությունները» խորագրով իր ամենամյա զեկույցում Ադրբեջանի դասում է «Ավտորիտար երկրների» շարքին:
Փաստաթղթի հեղինակները փաստում են՝ 2012թ-ի ընթացքում Ադրբեջանի և նրա կովկասյան հարևաններ Հայաստանի ու Վրաստանի միջև «անդունդը»՝ ժողովրդավարության զարգացման տեսանկյունից, խորացել է: «Վրաստանում և Հայաստանում անցկացված խաղաղ ընտրությունները մեծապես հակադրվում են Բաքվում անցկացվելիք Եվրատեսիլ երգի միջազգային մրցույթին (2012թ. մայիս) նախորդած հավաքները բռնի ուժով ճնշելու, ինչպես նաև չարտոնված ցույցերին մասնակցելու համար բարձր տուգանքներ սահմանելու դեպքերին»,-նշվում է զեկույցում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու