Արաստուն Օրուջլու. Ադրբեջանում «վրացական տարբերակով» իշխանափոխության իրականացումը գրեթե անհնար է
Ադրբեջանում «վրացական տարբերակով» իշխանափոխության իրականացումը գրեթե անհնար է: Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների հետ` հունիսի 19-ին կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանցի քաղաքագետ, «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն` մեկնաբանելով արդեն տևական ժամանակ ռուսական ԶԼՄ-ների կողմից տարածվող այն տեղեկատվությունը, թե Մոսկվայում ստեղծված «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միություն» կազմակերպության հիմնական նպատակը Ադրբեջանում իշխանափոխության իրականացումն է այն ոճով, որով Վրաստանում իշխանության եկավ Բիձինա Իվանիշվիլին:
«Չեմ կարծում, որ դա հնարավոր է: Ադրբեջանում նմանատիպ հնարավորությունները շատ ավելի փոքր են, քան թե Վրաստանում: Իշխանությունը Ադրբեջանում բոլորից հարուստ է, իսկ հասարակական-քաղաքական կյանքի գրեթե բոլոր բնագավառները գտնվում են խիստ վերահսկողության ներքո: Դա անհնար է նաև մարդու իրավունքների և ազատության այն սահմանափակումների պայմաններում, որոնք այսօր առկա են Ադրբեջանում»,- նշել է Օրուջլուն:
Վերջինիս կարծիքով, Ռուսաստանի ադրբեջանցի մեծահարուստների վերոնշյալ կազմակերպությունը պաշտոնական Կրեմլի կողմից Ադրբեջանի վրա ճնշում կիրառելու հերթական լծակն է, սակայն ոչ ավել:
Նշենք, որ արդեն տևական ժամանակ է ինչ լուրեր են շրջանառվում այն մասին, որ ռուսաստանաբնակ ադրբեջանցի մի շարք մեծահարուստների կողմից 2012թ. դեկտեմբերին Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում ստեղծված «Ռուսաստանի ադրբեջանական կազմակերպությունների միության» հիմնադրման հիմնական նպատակը Վրաստանում Բիձինա Իվանիշվիլու իշխանության գալու ոճով Ադրբեջանում իշխանափոխության իրականացումն է:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կազմակերպության հիմնադիրների ընդհանուր կարողությունը կազմում է մոտավորապես 50 միլիարդ դոլար, դեպքերի նման զարգացումը ռուսական վերլուծական շրջանակները համարում են բավականին իրատեսական:
Այս հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում: Հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը և Ադրբեջանական ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը, Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունների աջակցությամբ իրականացնում են ««Մյուս կողմի» վերաբերյալ գիտելիքների ընդլայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահություն հաստատում» խորագիրը կրող նախագիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու