Արաստուն Օրուջլու. Ադրբեջանի իշխանությունները բարոյական իրավունք չունեն արձագանքել Թուրքիայում տեղի ունեցող իրադարձություններին
Ադրբեջանի իշխանությունները բարոյական իրավունք չունեն որևէ կերպ արձագանքել Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին: Անդրադառնալով Թուրքիայում տեղի ունեցող վերջին զարգացումներին` Հայաստանի և Ադրբեջանի լրագրողների հետ` հունիսի 19-ին կայացած առցանց հարցազրույցում նման տեսակետ հայտնեց Ադրբեջանցի քաղաքագետ, «Արևելք-Արևմուտք» հետազոտական կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլուն:
«Պաշտոնական Բաքուն բավականին նուրբ հարաբերությունների մեջ է Էրդողանի կառավարության հետ և պարզորոշ գիտակցում է, որ որոշակիորեն չհաշվարկված արձագանքը տվյալ պարագայում կարող է հանգեցնել փխրուն բնույթ կրող հարաբերությունների վատթարացմանը: Այդ պատճառով Ադրբեջանի իշխանությունները գերադասում են լռել: Դրան գումարվում են նաև այն բազմաթիվ խնդիրները, որոնք առկա են Ադրբեջանում մարդու իրավունքների և ազատության ոլորտում: Կարծում եմ, պաշտոնական Բաքուն արձագանքելու նույնիսկ բարոյական իրավունք չունի»,- նշել է Արաստուն Օրուջլուն:
Հիշեցնենք, որ մայիսի 28-ից Թուրքիայում սկսված զանգվածային բողոքի ցույցերի պատճառն իշխանությունների քաղաքաշինական նոր ծրագիրն է, ըստ որի, Ստամբուլի կենտրոնական Գեզի զբոսայգու մեծ մասը պետք է ոչնչացվեր, իսկ ծառերը` հատվեին: Զբոսայգու ոչնչացմանն ու ծառահատմանն ընդդիմացած ցուցարարների դեմ թուրքական ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառել` օգտագործելով արցունքաբեր գազ, ջրցան մեքենաներ, պլաստիկ փամփուշտներ և հատուկջոկատայիններ: Հետևանքը եղավ այն, որ բնապահպանական բնույթի ցույցերն աստիճանաբար վերածվեցին հակառավարական ակցիաների և ընդգրկեցին Թուրքիայի տասնյակ քաղաքներ: Վերջին տվյալների համաձայն` կան հարյուրավոր ձերբակալվածներ, վիրավորներ և 6 զոհ:
Նշենք, որ այս հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
Հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը և Ադրբեջանական ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը, Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունների աջակցությամբ, իրականացնում են ««Մյուս կողմի» վերաբերյալ գիտելիքների ընդլայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահություն հաստատում» խորագիրը կրող նախագիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու