Հա, ասենք վաճառել են էդ 20 տոկոսը, հետո՞. Պատգամավորները՝ «Գազպրոմ»-ՀՀ կառավարություն բանակցությունների մասին
Ազգային ժողովի պատգամավոր Վարդան Այվազյանը բացարձակ խնդիր չի տեսնում, որ «ՀայՌուսգազարդ» փակ բաժնետիրական ընկերությունում ունեցած Հայաստանի 20 տոկոս բաժնեմասը հանձնվի Ռուսաստանին: Նույնիսկ զարմանում է, որ դա քննարկման հարց է դառնում: «Ես չգիտեմ, թե ինչի համար եք դուք էդքան աղմուկ բարձրացնում, գրում այդ մասին: Բացարձակ բացասական հետևանքներ չեմ տեսնում», -ասում է Հանրապետական խմբակցության պատգամավորը:
Նրա պնդմամբ, այդ հանգամանքը չի կարող ազդել գազի գնի վրա, քանի որ այն ձևավորվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից: Հետևաբար դա պատգամավորին հիմք է տալիս վստահ հայտարարել, որ «մեծ բան չենք կորցնում» այդ գործարքի արդյունքում:
Վարդան Այվազյանն ասում է՝ այդ հարցի շրջանակներում շփվել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հետ, բայց մանրամասներին չի տիրապետում: Իսկ թե իրականում ինչի դիմաց է վաճառվում այդ 20 տոկոսը, պատգամավորը կարող է ենթադրել. «Ինձ թվում է՝ փողի դիմաց պետք է տված լինեն, բա էլ ինչի՞ դիմաց: էդ փողով կլուծեն սոցիալապես անապահով խավի դոտացիայի խնդիրը: Հա, ասենք վաճառել են էդ 20 տոկոսը, հետո՞: Դրա մեջ որևէ խնդիր չկա»:
Ինչ էլ լինի, թեկուզ ռուսական կողմը ամբողջությամբ ղեկավարի «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն, ըստ իշխանական պատգամավորի, միևնույնն է թելադրողը լինելու են հայկական օրենքները, Հայաստանի կառավարությունը: Ինչ վերաբերում է գազի սակագնին, ապա պատգամավորի խոսքով, լավագույն ձևը դրան «դիմակայելու» համար ապահովված հասարակություն ունենալն է: «Եթե մենք ստանայինք ամսեկան 4-5 հազար դոլարի չափ աշխատավարձ, ապա գազի բարձրացված գինն այդքան էլ ծանր չէր թվա: Եթե մենք հիմա նվազագույն աշխատավարձը դարձնում ենք 100 դոլար, ապա 400 դոլարանոց գազը մեր համար ծանրություն է հանդես գալիս: Բայց ինքն էլ իրա ապրանքը թանկացնում է», -նշում է Այվազյանը:
Նույն՝ Հանրապետական խմբակցության մեկ այլ պատգամավոր Մարտին Սարգսյանը դեռ վաղ է համարում «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասի շուրջ բանակցությունների մասին խոսելը: «Նախարարն այդ մասին բացատրություններ տվել է և հարցը բանակցությունների փուլում է: Այսօր մենք խոսում ենք այն բանի մասին, որի վերաբերյալ ընդամենը կարծիքներ կան: Ես չգիտեմ՝ դրա տակ ինչ կա պարփակված», -մեզ հետ զրույցում նկատում է Մարտին Սարգսյանը:
Իսկ թե այդ բաժնեմասի հանձնումն էլ ռուսական «Գազպրոմ»-ին ինչ կտա հայկական կողմին, իշխանական պատգամավորը համարում է, որ դրա ցանկացած պատասխան կանխագուշակումների ոլորտից կլինի, հետևաբար այս պահին չի կարող ոչինչ ասել: «Երբ գործարքը լինի, պայմանագիրը կբերվի Ազգային ժողով ու կարծում եմ՝ բուռն քննարկումներ կլինեն, և բոլորս դրա մասին կարծիք կհայտնենք», -նշում է Մարտին Սարգսյանը:
ԱԺ Դաշնակցական պատգամավոր Աղվան Վարդանյանը ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ «Գազպրոմ»-ՀՀ կառավարություն գործարքը Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանն ու անվտանգությանը հասցվող լրջագույն խնդիր է: «Նրանք, փաստորեն, դառնում են 100 տոկոսանոց թելադրող», -ասել էր նա: