Տաքսի ծառայությունները կարող են թանկանալ նոմինալ 20, իրականում` 100 դրամով
Տաքսի սերվիսների ծառայությունները մտադիր են բարձրացնել ուղեվարձը մեկ կիլոմետրի համար շուրջ 20 դրամի չափով, 100 դրամով բարձրացնել նստելավարձի գինը կամ իջեցնել «մինիմալի» կիլոմետրերի չափը: Ինչպես հայտնեց տաքսի սերվիսներից մեկի վարորդ Հ.Պողոսյանը, վերջնական որոշում իրենց սերվիսի տնօրենությունը դեռ չի կայացրել, սպասում են նաև այլ սերվիսների որոշումներին:
«Քանի որ տաքսիների մեծ մասը գազով է աշխատում, բնական է, որ տաքսու վարձը կթանկանա: Բայց թե ինչպես` դեռ շուտ է ասել: Այժմ մի քանի տարբերակ կա: Երևի մի 20 դրամով: Այս դեպքում կստացվի, որ նախկինում 900 դրամի փոխարեն ուղևորը կվճարի 1000 դրամ: Բացի այդ, կարող է նվազել «մինիմալի» կիլոմետրաժը: Եթե մեզ մոտ, ասենք, 600 դրամը մինչև 4 կիլոմետր է, և 4.1-ից դառնում է 700, ապա թանկացումից հետո 600 դրամ կարող է դառնալ նույնիսկ 3,1-ի դեպքում: Կամ թե «մինիմալը» միանգամից 700 դրամ կդռանա: Ճիշտ է, որոշ տաքսի սերվիսները շուտվանից են անցել այդպիսի հաշվարկի, բայց այս դեպքում թանկացումը կլինի համատարած», - ասաց տաքսու վարորդը:
Նրա խոսքով` ներկայումս «վարորդ – սերվիս» ֆինանսական հարաբերությունները կարգավորվում են ամեն մի հաճախորդից հիմնականում 50-50 սկզբունքով, երբ գազի լիցքավորումը կատարվում է վարորդի կողմից, կամ 40-60` եթե սերվիսի:
Իր հերթին մասնավոր տաքսու վարորդ Գոռ Մանուկյանը հայտնեց, որ անհատ վարորդների կողմից ուղեփոխադրման գները մեծապես կախված են սերվիսների կողմից սահմանված վճարների հետ: «Եթե սերվիսները թանկացնեն գները, բնական է, մենք նույնպես կթանկացնենք: Ճիշտ է, գազի լիցքավորումն ամբողջությամբ մեզ վրա է, բայց մենք չենք կարող թանկացնել ուղեվարձը, քանի որ կարող ենք կորցնենք հաճախորդներին: Առանց այդ էլ մեր ազգաբնակչությունն ավելի շատ նախընտրում է սերվիսի տաքսիները, քան մասնավորները, թեև սերվիսների հաշվիչները շատ անգամ խաբում են», - ասաց նա:
Նախորդող նորություն`
Երթուղային տրանսպորտի վարորդ. ուղեվարձը կարող է դառնալ 150 դրամ