Վարչապետը ԴիջիԹեք-ում բազմաթիվ բացահայտումներ է արել
«Տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում աշխատող բոլոր ընկերությունները փորձում են կատարելագործել քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակը»,- այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` Երևանում մեկնարկած 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումում ներկայացված ընկերությունների տաղավարներում շրջելուց հետո:
«Ես ուրախ եմ, որ այսօր ինձ համար բազմաթիվ բացահայտումներ արեցի, թե տանից դուրս չգալով` ինչպիսի նոր ծառայություններից կարող եմ օգտվել»,- ասաց վարչապետը` հավելելով, որ դրանք վերաբերում են և բանկային ծառայություններին, և ապրանքներ ձեռքբերելուն, ինչպես նաև ռեստորաններում պատվերներ տալու ծառայություններին: Բացի այդ, ըստ Տ.Սարգսյանի, բիզնես ֆորումի շրջանակներում տեսել է, թե սպառազինությունների բնագավառում մասնագետները ինչ նոր տեխնոլոգիաներ են առաջարկում: Ռոբոտատեխնիկայի բնագավառում ևս, ըստ նրա, բավականին լուրջ առաջընթաց է արձանագրվել:
Ինչ վերաբերում է ծրագրավորման ոլորտին, ապա այստեղ, վարչապետի խոսքերով, նախորդ տարվա համեմատ մասնագետները կատարելագործված առաջարկություններ են ներկայացրել: Անդրադառնալով տրանսպորտի ոլորտում մասնագետների ներկայացրած առաջարկություններին, Տ.Սարգսյանը նշեց. «Տրանսպորտային միջոցների բնագավառում Երևանի քաղաքապետարանի պրոդուկտը խիստ օգտակար կլինի մեր քաղաքացիների համար, քանի որ բոլոր կանգառներում տեղակայված են լինելու տվյալների հստակ միասնական շտեմարան, և Երևանի տրանսպորտից օգտվելը շատ ավելի հարմարավետ կլինի: Այսինքն` բազմաթիվ նոր գաղափարներ են, և դա, իհարկե, շատ ոգևորում է մեզ»:
Հիշեցնենք, որ Երևանում այսօր մեկնարկել է «Խելացի լուծումներ` խելացի երկրների համար» խորագիրը կրող 6-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը, որին մասնակցում են 62 կազմակերպություններ և ծրագրեր, որից 43-ը` տեղական, իսկ 19-ը` արտասահմանյան:
Նախորդող` Կարեն Վարդանյան. ՏՏ-ի արտադրանքի 40%-ն արդեն սպառվում է ներքին շուկայում
«Ցանկանում ենք, որ ՏՏ ոլորտից կառավարությունը հեռու մնա և չհայտնվի մեր ճանապարհին». ԱՄՆ դեսպան