Բողոք. անվճար հայտարարությունների ցուցատախտակները մոնոպոլացնում են` խախտելով նաև օրենքը
«Մեր հայտարարությունները պոկում են` իրենց հայտարարությունները փակցնում», - բողոքեց քաղաքացի Վ.Մխիթարյանը` խոսելով անվճար հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակների վրա որոշ կազմակերպությունների կողմից գովազդային նյութերի տեղադրման մասին: «Եթե այդ ցուցատախտակները նախատեսված են անվճար հայտարարությունների համար և բոլորն ունեն այդ իրավունքը,ապա ինչու՞ են նրանք պոկում մյուս հայտարարությունները, և փակցնում 1-2-ից ավել գովազդային հայտարարություններ: Բա մենք ի՞նչ անենք», - ասաց մեր զրուցակիցը:
Զրույցի ընթացքում Մաշտոցի պողոտա – Թումանանի փողոց խաչմերուկում տեղադրված ցուցատախտակին մոտեցավ մի երիտասարդ, և փաստեց քաղաքացի Վ.Մխիթարյանի խոսքերը` պոկելով այլ հայտարարությունները և փակցնելով իրենց կազմակերպության գովազդը: Ավելին` հեռանալով ցուցատախտակից` նա գովազդ փակցրեց նաև դրա մոտ կանգնած էլեկտրասյուների վրա: Երբ մենք հետաքրքրվեցինք, թե ինչու է նա փակցնում հայտարարությունը դրա համար չնախատեսված վայրում, երիտասարդը պատասխանեց. «Ինձ այդպես են ասել»: Ինչ վերաբերվում է այլ հայտարարությունների պոկելուն, նա արդարացավ, թե վերջիններս փակցվել են իրենց հայտարարությունների վրա:
Զանգարարելով գովազդի հայտարարության մեջ ներկայացված հեռախոսահամարով` մենք հետաքրքրվեցինք, թե արդյոք տեղյակ են գովազդատուները, որ խախտում են օրենքն ու որոշումները: «Դա մեր գործն է, մենք ոչ ոքից չենք վախենում: Ուզում ենք` փախցնում ենք», - պատասխանեցին մեզ նշված համարով: Երբ մենք հիշատակեցինք տույժի մասին, նույն ձայնը մեզ ասաց. «Մենք որևէ խնդիր չունենք, ուզում եք` բողոքեք»:
Հատկանշական է, որ ցուցանակներից պոկված էին այլ հայտարարություններն այնպես, որ անցորդին երևա միայն տվյալ գովազդատուի հայտարարությունը: Բացի այդ, վերջինս չի սահմանափակվել միան 1-2 հայտարարությամբ, այլ` փակցրել է մինչև 6-7 հայտարարություն: Միաժամանակ նույն գովազդատուի հայտարարություններն այս պահին փակցված են Մաշտոցի, Ամիրյանի, Բաղրամյան և կենտրոնական այլ փողոցների էլեկտրասյուներին, շենքերի պատերին, ինչպես նաև` գետնանցումների պատերին, էլեկտրականության վահանակների վրա:
Նշենք, որ 2012 թ. Երևան քաղաքում պատրաստվել և տեղադրվել են անվճար հայտարարությունների համար նախատեսված ցուցատախտակներ, որի նպատակն էր Երևանում քաղաքացիներին հնարավորություն տալ տեղադրել անվճար հայտարարություններ, ինչն էլ իր հերթին մի շարք վարչարարական գործողությունների հետ միասին նպաստում է շենքերի պատերն և էլեկտրասյուներին փակցված հայտարարությունների նվազեցմանը, այնուհետև՝ վերացմանը։ Երևանի ավագանու որոշմամբ և ՀՀ «Գովազդի մասին» օրենքին համաձայն` շենքերի պատերն և էլեկտրասյուներին հայտարարություններ փախցնող կազմակերպությունները ենթակա են տույժի. չթույլատրված տեղերում փակցրած յուրաքանչյուր հայտարարության համար տուգանքը հասնում է նվազագույն աշխատավարձի մինչև 100-ապատիկը: Բացի այդ, անվճար հայտարարությունների վահանակները նախատեսված են նույն բովանդակությամբ 1-2 հայտարարություն փակցնելու համար, ինչով փորձ է արվում ապահովել հավասարության սկզբունքը:
Ներկայացնում ենք լուսանկարները` չցուցադրելով գովազդատուի հետ հետադարձ կապը: