Երևանյան վազքարշավ. ամենատարեց մասնակիցը 91 տարեկան էր
1894 թ. հունիսի 23-ին Սորբոնի համալսարանում կայացած սպորտի միջազգային կոնգրեսում ֆրանսիացի մանկավարժ և հասարակական գործիչ Պիեռ դե Կուբերտենի առաջարկով որոշվեց վերականգնել ժամանակակից օլիմպիական խաղերը, ստեղծել միջազգային օլիմպիական կոմիտե /ՄՕԿ/ և անցկացնել մրցումներ` անտիկ շրջանի օլիմպիական խաղերի օրինակով: Այդ օրը մոլորակի վրա նշվում է որպես միջազգային օլիմպիական օր:
Ամեն տարի ՄՕԿ-ի հովանու ներքո աշխարհի բոլոր երկրներում համաշխարհային այդ իրադարձությունը նշանավորելու նպատակով միջոցառումներ են կազմակերպվում: Ազգային օլիմպիական կոմիտեներն /ԱՕԿ/ այն կարող են անցկացնել մեկ շաբաթվա տարբերությամբ: Ավանդույթի համաձայն, ամենամասսայականը վազքարշավն է, որին մասնակցելու համար Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն /ՀԱՕԿ/ հրավիրել էր 13-ից բարձր տարիքի վազքասերների: Նրանց թվում էին սայլակավոր մարզիկներ, մանկապատանեկան մարզադպրոցների սաներ, ԲՈՒՀ-երի, քոլեջների ուսանողներ, վետերան վազորդներ:
Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-օ պաշտոնական կայքը, Երևանի հանրապետության հրապարակում այսօր` առավոտյան ժամը 10-ին, տեղի ունեցավ միջոցառման բացման հանդիսավոր արարողությունը: Ներկաներին ողջունեց ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը: Նա իր խոսքում կարևորեց օլիմպիական օրը, որի շրջանակներում տեղի ունեցող բովանդակ մարզական միջոցառումները նշանավորում են ֆիզկուլտուրայի բարերար դերը մարդու առողջության ամրապնդման գործում:
Գագիկ Ծառուկյանը հաջող մեկնարկ ու ավարտ ցանկացավ վազորդներին և «Օլիմպիական օր-2013»-ը հայտարարեց բացված:
Տրվեց մեկնարկը և մասնակիցներն անցան Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-ստորգետնյա անցում-«Հաղթանակի» կամուրջ երթուղով ու եզրագիծը հատեցին «Հրազդան» մարզադաշտի հարավային հրապարակում:
Յոթ խմբով (71 և բարձր, 56-70, 41- 55, 26- 40, 13-25, սայլակավոր մարզիկներ և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ) անցկացված վազքարշավի հաղթողներն ու մրցանակակիրները ստացան ՄՕԿ-ի հավաստագրեր, դրամական մրցանակներ, իսկ մասնակիցները` մարզաշապիկներ: Վազքարշավի ամենատարեց մասնակիցներն էին 78- ամյա Գոհար Գրիգորյանը և 91-ամյա Սերգեյ Հակոբյանը:
Օլիմպիական օրվա առթիվ բոլոր ԱՕԿ-ներին ուղերձ էր հղել ՄՕԿ-ի նախագահ, բելգիացի Ժակ Ռոգեն, որտեղ մասնավորապես ասված է.
«Մոլորակի բնակչությունը նշում է միջազգային օլիմպիական օրը: Այն սովորական oր չէ, քանզի նշվում է ժամանակակից օլիմպիական շարժման ծնունդը: Սա բացառիկ տոն է, որը հրապուրում է մարդկանց` անկախ տաիրքից ու սեռից, մարզական ունակություններից և մարդկությանը հիշեցնում է օլիմպիական վեհ գաղափարների ու մարզումներից ստացված հաճելի պահերի և առույգության մասին: Օլիմպիական օրը մեծ հնարավորություն է ընձեռում երիտասարդներին սպորտում ընդգրկելու համար:
Օլիմպիական օրը գեղեցիկ տոն է և կարևոր չէ, թե ինչպես են այն նշում, կարևորն այն է, որ այն օգնում է զբաղվել ակտիվ շարժումներով, ուսումնասիրում է ու բացահայտում սպորտի կարևոր նշանակությունը:
Ցանկանում եմ ուրախ օլիմպիական օր – 2013»,- նշել է Ռոգեն:
Հավելենք, որ այսօր երեկոյան ժամը 18-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում տարբեր մարզաձևերի ցուցադրական մրցումներ կանցկացվեն, իսկ ավելի ուշ` 20.30-ին, Ազատության հրապարակում կսկսվի օլիմպիական օրվա մշակութային ծրագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում