ՏՏ ոլորտում Հայաստանն աչքի է ընկնում կանանց բարձր մասնակցությամբ
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն աչքի է ընկնում կանանց բարձր մասնակցությամբ: Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զույցում ասաց «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: Նրա խոսքերով` եթե զարգացած երկրներում կանանց ներգրավվածությունը ՏՏ ոլորտում չի գերազանցում 10%-ը, ապա Հայաստանում գերազանցում է 40%-ը:
Ըստ Բ.Ենգիբարյանի` վերջին շրջանում ՏՏ ոլորտի հանդեպ հետաքրքրությունը գնալով մեծանում է, և բազմաթիվ աղջիկներ ընտրում են ծրագրավորողի մասնագիտությունը: Եւ պատահական չէ, որ այսօր ՏՏ ոլորտում գործող որոշ ընկերություններում կանայք կազմում են 60 տոկոս, որը աշխարհի կտրվածքով բարձր ցուցանիշ է: Նա նաև նշեց, որ Հայաստանում վերջին տարիներին ստեղծված ՏՏ ոլորտի բոլոր կենտրոնների ղեկավարները ևս կանայք են:
Բ.Ենգիբարյանը չժխտեց, որ ՏՏ ոլորտ կանանց բերում է նաև բարձր աշխատավարձը, սակայն դա նաև ցույց է տալիս, որ կանայք մրցունակ են, ոչնչով չեն զիջում տղամարդկանց և կարող են ազատ մրցակցել նրանց հետ:
Նշենք նաև, որ «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» կողմից իրականացվող ամենամյա հետազոտությունների համաձայն` ՏՏ ոլորտում տղամարդիկ հիմնականում զբաղվում են ծրագրավորմամբ, ստեղծագործ աշխատանքով, իսկ կանայք իրականացնում են ծրագրերի ղեկավարման աշխատանքներ: