Արդյոք անտարբե՞ր ենք բժիշկներին. Համերգ ու անվանակարգեր` առանց հարցականի
Երեկ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Առողջապահության նախարարությունը հանդիսավորությամբ նշում էր Բուժաշխատողի օրը: Դահլիճում ազատ տեղերը շատ էին` ընդ որում պարտերում, որտեղ ենթադրաբար պիտի իրենց տեղերը զբաղեցնեին հրավիրյալ բժիշներն ու պաշտոնատար անձիք:
Միջոցառման սկիզբն ազդարարվեց, բեմահարթակ դուրս եկած հաղորդավարները հայտարարեցին` միջոցառումն իր ներկայությամբ պատվել է Առաջին տիկին Ռիտա Սարգսյանը:
Առաջին տպավորությամբ դահլիճում տիրում էր տոնական տրամադրություն, լույսեր, գեղեցիկ հոգուկապով կանայք, ծաղիկներ, բայց դա ընդամենը առաջին հայացքից:
Որքան էլ զարմանալի թվա, բժիշկները, որ իրավամբ համարվում են հասարակության ինտելեկտուալ խավը, իրենց նվիրված հանդիսությանը հետևում էին այնքան անտարբերությամբ, այնքան սառը որ թվում էր` իրենց զոռով բերել էին հերթական ժողովին: Մի կերպ էին ծափահարում կանչվող նոմինացիաների հավակնորդներին, հաղթող անուններին:
Հաղորդավարուհի Լուսինե Բադալյանն ու Ժակը առաջին 20 րոպեից հետո հասկացան, որ աուդիտորիան պարզապես իրենց ձեռքում չէ, ի ճիգ են դառնում մթնոլորտ ձևավորելու իրենց բոլոր փորձերը, բայց շարունակում էին ջանալ` մինչև վերջ: Այս պարագայում նրանց չէին փրկում անգամ բեմի շքեղ լուսավորության մեջ իրար հաջորդող մեր լավագույն կատարողների գեղեցիկ ելույթները` Հայկո, Շուշան Պետրոսյան, Արմեն Բադալյան, Լիաննա, Քրիստինե Պեպելյան և այլք:
Մի պահ միայն իրավիճակը փրկեց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը` բեմ բաձրանալով: Դահլիճը հավաքվեց միանգամից, ծափահարեց, երբ հնչեց` լավագույն ռազմական բժիշկ անվանակարգում հաղթած Ռազմական հոսպիտալի վիրաբուժության բաժանմունքի վարիչ Արսեն Գրիգորյանին մրցանակը կհանձնի նախարար Սեյրան Օհանյանը:
Նախարարն էլ իր հերթին կես կատակ կես լուրջ իր խոսքն այսպես սկսեց. «Անսպասելի էր, որ ինձ պիտի վերապահվեր ռազմական բժշկին պարգև տալու հնարավորությունը, կարծում էի ինձ կտայիք ասենք լավագույն մանկաբարձին մրցանակ տալու առիթը ` այն բանի համար, որ հենց նրանց ձեռքերով է լույս աշխարհ գալիս հայ մանուկը, ով հետագայում պիտի դառնա մեր բանակի քաջ զինվորը»:
Սեյրան Օհանյանի բեմից իջնելուց հետո միայն նկատեցինք, թե որքան անզգուշաբար են միջոցառման կազմակերպիչները մոտեցել հանդիսության ներկայացուցչական մասն ապահովելու խնդրին: Օրվա գլխավոր հերոսը` Առողջապահության նախարարը, միջոցառման նախաձեռնողն ու կազմակերպիչը այնքան չէր կարևորել արարողակարգային մասը, որ նստել էր նախարարներից շատ հեռու` 6-րդ շարքում` ընդ որում ոչ իր տեղակալների ու աշխատակազմի հետ միասին:
ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն առհասարակ բեմից շատ հեռու էր ` ասենք պարտերի 10-11-րդ շարքում, ՊՆ Սեյրան Օհանյանն ու Սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն էին տեղավորվել բեմահարթակին մոտ` աջ անկյունում, իսկ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն իր աշխատակազմի որոշ ներկայացուցիչների հետ դահլիճի բոլորովին այլ մասում էր, կրկին բոլորից առանձին:
Բայց սա չէր ներկայացուցչական ֆոնն ապահովելու կազմակերպիչները միակ թերությունը: Ակնհայտ աղքատիկ էր կառուցված հաղորդավարական խոսքը, չասենք նաև էկրանին ցուցադրվող ռեպորտաժների մասին, որոնք համարյա գովազդային, ստանդարտ 20 բառանոց բառամթերքով էին ներկայացնում հայտարարված անվանակարգում հաղթող բժշկի կենսագրությունը: Բացարձակ անտեսված էր վերջիններիս գիտական աստիճանը ներկայացնելու կարևորությունը:
Բացակայում էին մի շարք նեղ մասնագիտացված նոմինացիաներ` օրինակ ակնաբուժության, սրտաբանության, անոթաբանության, և շատ այլ ոլորտներում: Առհասարակ չէր կարևորվել բժշկության ոլորտում գիտական հայտնագործություն նոմինացիան, ինչը խիստ տարօրինակ էր, մեղմ ասած:
Մրցանակաշխությանն իրենց մասնակցության հայտը ներկայացնել հարկ չէին համարել Երևանի մի շարք բարձրակարգ բժշկական կենտրոններ` այդ թվում և Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող Մալաթիա բժշկական կենտրոնը, նախկին նախարար Հարություն Քուշկյանի սեփականություն համարվող Էրեբունի և Նաիրի բժշկական կնետրոնները, «Մոր եւ մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն» (Մարգարյան) և այլն:
Ի դեպ առողջապահական ոլորտում առաջին անգամ կազմակերպված բժիշկների մեծարման երեկոյին հարկ չէին համարել ներկա գտնվել Հերացու անվան բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանը և նախկին նախարար Հարություն Քուշկյանը: Ավելին, մեր տեղեկություններով` վերջինիս հրավիրելիս տեղեկացվել է նաև, որ ինքն ունի լավագույն բժիշկներից մեկին հանդիսավորությամբ մրցանակ հանձնելու պատվավոր պարտականությունը, ինչին Քուշկյանը բավականին կոշտ է արձագանքել:
Առողջապահության նախկին նախարարներից միջոցառմանը ներկա էր միայն Այրվածքաբանության կենտրոնի գլխավոր տնօրեն Նորայր Դավիդյանը, ով հետևելով Տարոն Մարգարյանի ու մի շարք «բազմազբաղ» պատգամավորների օրինակին` առաջին կես ժամից հետո լքեց դահլիճը:
Հեղինակ` Սյուզի Բադոյան